ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվել են Սևանի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի գործունեությանն առնչվող խնդիրներ

Քննարկվել են Սևանի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի գործունեությանն առնչվող խնդիրներ

Գեղարքունիքի մարզպետարանում ապրիլի 30-ին մարզպետ Գնել Սանոսյանը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին եւ հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանի հետ քննարկեց հիմնադրամի կողմից Սեւան քաղաքում հիմնած հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի գործունեության հետ կապված հարցեր։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում հիմնադրամի տնօրենը ներկայացրեց վերականգնողական կենտրոնի բացման նպատակները, դերն ու նշանակությունը։ Ըստ հիմնադրամի տնօրենի՝ վերականգնողական կենտրոնը հիմնվել է ՀՀ առողջապահության նախարարության, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Սեւանի համայնքապետարանի եւ Սեւանի բժշկական կենտրոնի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում: Այն բացվել եւ գործում է Սեւանի «Բողբոջ» մանկապարտեզի մի մասնաշենքում, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից տրամադրած միջոցների հաշվին իրականացված մեկամյա շինարարական աշխատանքներից հետո՝ շահագործման հանձնվելով 2021 թվականի ապրիլի 5-ից: Վերականգնողական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով, ամբուլատոր բուժման միջոցով:

«Կենտրոնը հնարավորություն ունի՝ տարեկան սպասարկելու 120 երեխայի: Այս պահին Սեւան քաղաքից եւ հարակից համայնքներից դեռեւս հաճախում են 37 տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ: Կենտրոնը կահավորված է անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով: Ունենք 14 աշխատակիցներ, որոնք 6-ամսյա դասընթացներ են անցել եւ վերապատրաստվել տարբեր մասնագիտությունների ուղղությամբ» ,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Արմեն Հակոբյանը կարեւորել է կենտրոն հաճախող երեխաներին փոխադրամիջոցով ապահովելու, մասնագետների շրջանում ընթացիկ վերապատրաստումներ իրականացնելու, կենտրոնում ծագած խնդիրներին արագ արձագանքելու նպատակով ծնողական ասոցիացիա ձեւավորելու, կենտրոն տանող ճանապարհի բարեկարգման, 2022 թվականին նորաստեղծ կենտրոնը Սեւանի բժշկական կենտրոնի ենթակայությանը հանձնելու նպատակով իրավական ձեւակերպումների, ինչպես նաեւ մեծահասակների համար եւս նոր վերականգնողական կենտրոն ստեղծելուն վերաբերող հարցեր:

Գնել Սանոսյանը պատրաստակամություն է հայտնել՝ առաջիկա օրերի ընթացքում այցելել եւ ծանոթանալ կենտրոնի գործունեությանը:

«Ես մեծապես կարեւորում եմ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից Գեղարքունիքի մարզում իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող շատ ու շատ ծրագրերի դերը: Դուք մարզում կարգավորում եք թիրախային բազմաթիվ հարցեր: Իմ երախտագիտությունն եմ հայտնում այդ առումով եւ ակնկալում, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և պարբերաբար կգրանցի տեսանելի ու շոշափելի արդյունք»,- ասել է մարզպետ Գնել Սանոսյանը։

 

  • Կիսվել: