Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներ
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը և արտակարգ իրավիճակներին առողջապահության պատրաստվածությանը վերաբերող թեմաներ:
Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Ֆրանսիայում մայրական և վերարտադրողական առողջությանը, ներկայացրել ոլորտի բարեփոխումները:«Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել են հղիների նախածննդյան հետազոտության պարտադիր ծավալները, ռիսկի խմբի հղիների համար սահմանվել են հետազոտությունների լրացուցիչ ծավալներ: Անպտղության հաղթահարման ծրագիրը տարեցտարի ընդլայնվելով` հնարավորություն է ընձեռել անպտղություն ունեցող կանանց օգտվելու թանկարժեք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայություններից»,- նշել է Արտակ Ջումայանը:
Անդրադառնալով հնարավոր արտակարգ իրավիճակների ժամանակ երկրի կարողություններին` նախարարի տեղակալը հատկանշել է արագ արձագանքման բժշկական թիմերի կարողությունների ամրապնդման, առկա բացերի և խոչընդոտների վերհանման և ռացիոնալ լուծումներ գտնելու կարևորությունը:
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն` համագործակցության եզրեր ձևավորելու մայրական և վերարտադրողական առողջության, հանրային առողջապահության և առողջապահական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ասպարեզում գործող Մարսելի և Հայաստանի համապատասխան հաստատությունների միջև` որպես նախնական փոխգործակցության ձևաչափ ընտրելով առցանց հանդիպումները: