երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը, «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայում» ներգրավված կազմակերպություններ:

Քննարկման մասնակիցները նշել են, որ թեեւ նախորդ տարի խորհրդարանն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, այնուամենայնիվ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բազմաթիվ ու բազմաշերտ են: Տարաբնույթ հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բախվում են բազմաթիվ խնդիրների ու խոչընդոտների, որոնք սահմանափակում են այդ անձանց՝ լիարժեք եւ հավասար կրթություն ստանալու իրավունքը, աշխատանք գտնելու հնարավորությունը: Նշվել է, որ շատ հաճախ գործատուներն անհիմն կերպով հրաժարվում են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց: Որպես լրջագույն խնդիր՝ քննարկման մասնակիցները նշել են նաեւ միջավայրի ֆիզիկական մատչելիության հարցը՝ հավելելով, որ նույնիսկ ՄԻՊ գրասենյակն ու պետական կառավարման մարմինների շենքերը հարմարեցված չեն նրանց կարիքներին:

 

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է կոալիցիայի հետ հանդիպումը՝ անդրադառնալով բարձրացված խնդիրներին: Նա հավաստիացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու պարագայում դրանք լինելու են իր ուշադրության կենտրոնում եւ իր իրավասությունների շրջանակում փորձելու է աջակցել դրանց լուծմանը:

 
 

  • Կիսվել: