երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկված հարցերը կտեղափոխվեն գործնական փուլ

Քննարկված հարցերը կտեղափոխվեն գործնական փուլ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրեն Ալի Մոհամադ Ղադերիի հետ։

Ծանոթանալով կազմակերպության գործունեությանն ու ընտանիքների հզորացմանն ուղղված իրանական փորձին, ինչը մեծամասամբ համընկնում է ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին, նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ևս կարևորում է ընտանիքների հզորացման ու բարեկեցության ապահովումը, և այս գաղափարի իրագործումը իրատեսական է համարում կայուն զբաղվածության ապահովման միջոցով։

Նախարարի խոսքով՝ այս նպատակով մշակվել է նաև ժողովրդագրական ռազմավարության ծրագիր՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության ապահովման համար։ Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանն անդրադարձել է ՄՍԾ կողմից իրականացվող աշխատանքներին․ դիտարկվել է ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։

Ալի Մոհամադ Ղադերին ներկայացրել է կազմակերպության գործունեությանն ու գործառույթներին առնչվող մի շարք մանրամասներ՝ նշելով, որ ինչպես Միասնական սոցիալական ծառայության, այնպես էլ իրենց կազմակերպության գործունեությունն ուղղված է մարդու բոլոր կենսափուլերում սոցիալական աջակցության տրամադրմանը։ Վերջինիս խոսքով՝ կազմակերպության կողմից շուրջ 160 տեսակ ծառայություն է մատուցվում քաղաքացիներին։

ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենն ընդգծել է նաև աշխատուժի փոխանակման, միջին մասնագիտական կրթության զարգացման, հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ պատրաստակամ են հայկական կողմի հետ համագործակցել այս ուղղություններով ևս։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ Ալի Մոհամադ Ղադերին առաջարկել է առաջիկայում քննարկել համատեղ հասարակական կազմակերպություն ստեղծելու հարցը, որը թույլ կտա կողմերին համատեղել ջանքերը խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

  • Կիսվել: