երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քննարկում՝ «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով

Քննարկում՝ «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ քննարկվող թեման առնչվում է բոլոր ոլորտներին, և համատեղ, թիմային աշխատանքով է միայն հնարավոր ստեղծել բովանդակություն ու ստանալ արդյունք:

«Կարևոր է հասկանալ, թե արտադպրոցական կրթությունը ինչ խնդիր պետք է լուծի կրթական համակարգում: Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը պետք է աշխատեն միասնաբար՝ ստեղծելով մեկ միջավայր, որտեղ կարևորը երեխան է և այն հնարավորությունները, որ բոլոր հնարավոր գործիքներով բացում ենք նրա առջև»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ դա նաև ֆորմալ կրթական հաստատությունների որակը բարձրացնելու ճանապարհ է:

«ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիր». նպատակը

Թեմայի համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագրին», որը գործող օրենք է և հստակ պատկերացում է տալիս, թե ինչ փոփոխությունների ուղղությամբ պետք է աշխատել:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ծրագրի վերջնական նպատակն է ունենալ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Այն յուրաքանչյուրին հնարավորություն կտա կյանքի բոլոր փուլերում ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն:

«Շատ կարևոր է, որ ռազմավարությամբ կրթությունը հանրահռչակում ենք իբրև հանրային բարիք, որը պետք է ապահովի կրթության բոլոր շահակիցների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը և ձևավորի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում: Այս համատեքստում արտադպրոցական կրթությունը և ոչ ֆորմալ կրթական համակարգը դառնում են ծրագրի կարևոր բաղադրիչ»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարը:

Նա ներկայացրել է ծրագրի երեք հիմնական ուղղությունները: Առաջինը, որը առանցքային է, համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումն է: Սա նշանակում է, որ Հայաստանի բոլոր բնակավայրերում յուրաքանչյուրի համար պետք է հասանելի լինեն որակյալ կրթական ծառայությունները:

Երկրորդ ուղղությունը կրթության արդյունավետության բարձրացումն է՝ նորարար գործիքներով համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու ծախսարդյունավետ և թափանցիկ եղանակներով:

Վերջին ուղղությունը կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումն է՝ ստեղծելու կրթական ծառայություն և բովանդակություն, որը կարող է հետաքրքիր լինել աշխարհին: Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ պետական քաղաքականությամբ պետք է խրախուսվի նմանատիպ ծառայությունների զարգացումը, և այսօր արդեն իսկ հաջողությամբ իրականացվող ծրագրեր կան. դրանք են՝ «Թումոն», «Արմաթը»:

Ըստ ոլորտների՝ «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագրի» թիրախները

Պլանավորվում է՝ մինչև 2030 թվականը 5 տարեկան բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ, ինչը էական է նրանց հետագա կրթական արդյունքի տեսանկյունից: 3-5 տարեկան երեխաների համար սահմանված թիրախներն են՝ 2026 թվականից ապահովել 85 տոկոս ընդգրկվածություն, 2030 թ.՝ 95 տոկոս:

Հանրակրթության ոլորտում ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակի նվազեցման խնդիրը ևս թիրախային է: Հարցը քննարկվել է տարբեր հարթակներում, այդ թվում՝ Կրթության տեսչական մարմնի նիստում: Արտադպրոցական ուսուցումը գալիս է օգնելու նաև այս խնդրի լուծմանը:

Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ 2030 թ. սահմանված է անգրագիտության մակարդակի նվազեցում՝ մինչև 5 տոկոս:

«Պետք է հստակ պատկերացում ունենանք, թե ինչպես ենք դրա չափելիությունն ապահովելու»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Նախնական և միջին մասնագիտական կրթության թիրախ է ոլորտում ընդգրկվածության մեծացմանը նպաստելը, հատկապես այն մասնագիտություններում, որոնք հանրային զարգացման համար ունեն ռազմավարական նշանակություն:

Բարձրագույն կրթության ոլորտում, որպես թիրախ, նախարարն ընդգծել է.

«Առանցքային է, թե ավագ դպրոցի շրջանավարտների քանի տոկոսը պետք է բուհ ընդունվի: Սա կարևոր է երկրում մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից: Պետական քաղաքականությամբ շարունակաբար պետք է խրախուսել բոլորի կարողությունների զարգացումը, ինչը սոցիալական վիճակի բարելավման կարևոր ուղղություններից է, քանի որ կրթությունն աղքատության հաղթահարման կարևոր մեխանիզմներից մեկն է»:

Առանձնացվել են բոլոր մակարդակներում կրթական ծառայությունների կազմակերպման թիրախները՝ կախված տարբեր խնդիրներից: Օրինակ՝ նախադպրոցական ոլորտում ծառայությունների իրականացումը նախատեսվում է համայնքային կազմակերպությունների կողմից: Հանրակրթության ոլորտում կառավարման մեխանիզմները վերանայման փուլում են, իսկ ՄԿՈՒ ոլորտում համատեղ կառավարման ձևաչափեր են նախատեսվում՝ նաև ձեռնարկատիրական ոլորտի խթանման միջոցների ներդրմամբ: Բարձրագույն կրթության ոլորտում թիրախային են բուհերի մրցունակության բարձրացումը և օտարերկրյա ուսանողների թվի մեծացումը:

Նախարարն անդրադարձել է նաև մանկավարժների վարձատրության բարձրացման մեխանիզմներին, որոնք փոխկապակցված են մասնագիտական զարգացման հետ:

«Մարտի կեսին պետք է հաստատենք գործողություների ծրագիրը: Այն շուտով կներկայացվի հանրային քննարկման»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ներկաների հարցերին:

Քննարկման մասնակիցներին ողջունել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը:

  • Կիսվել: