հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են իրանական խոշոր շինարարական ընկերության հետ համագործակցության հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են իրանական խոշոր շինարարական ընկերության հետ համագործակցության հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «ՔԵՅՍԱՆ ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» շինարարական խոշոր ընկերության և հայ-իրանական առևտրի տուն հանդիսացող «ԻՄՊ-ԷՔՍ ԹՐԵՅԴ ՀԱՈՒՍ» ներկայացուցիչներին՝ քննարկելու քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ողջունել է իրանական ընկերության պատրաստակամությունը՝ ընդգրկվելու Հայաստանի շինարարության ոլորտում՝ հաշվի առնելով հանրապետությունում իրականացվող և առաջիկա տարիներին կառավարության նախատեսած մեծամասշտաբ դպրոցաշինական, ճանապարհաշինական ծրագրերը. «Խնդիր է դրված իրագործել բոլոր ծրագրերը բարձր որակով և ժամանակին՝ այդ նպատակով գործնական քայլեր կատարելով նաև՝ դյուրացնելու օտարերկրյա կազմակերպությունների, մասնագիտական ներուժի ներգրավումը»:

«ՔԵՅՍԱՆ ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ընկերության գլխավոր տնօրեն Քամրան Քիային ներկայացրել է ընկերության փորձը բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների, թունելների, երկաթգծի կառուցման ոլորտներում: Նա տեղեկացրել է նաև ընկերության կազմում գործող, տարածաշրջանում երկրաշարժերի ազդեցությունն ուսումնասիրող կենտրոնի մասին՝ առաջարկելով փորձի փոխանակում կազմակերպել հայ և իրանցի մասնագետների համար:

Հայաստանի և Իրանի փոխադարձ տնտեսական հետաքրքրվածությունը հաշվի առնելով՝ կողմերն ընդգծել են շինարարության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունը: Հայկական և իրանական ընկերությունների գործարար կապերի հաստատմանը նպաստող տեղական «ԻՄՊ-ԷՔՍ ԹՐԵՅԴ ՀԱՈՒՍ» ընկերության խորհրդի նախագահ Ռոբերտ Հայրապետյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու համագործակցության կայացմանը:

  • Կիսվել: