Քաղաքապետարանի կողմից առաջարկվող տրանսպորտի նոր սակագները ըստ փաթեթների և արժեքների՝ միջինը 30% թանկացում
Վերջին օրերին Երևանի քաղաքապետարանը հանրությանն է ներկայացրել քաղաքային տրանսպորտի նոր սակագների որոշման նախագիծ, որով առաջարկվում է անցնել տոմսային փաթեթային համակարգի, որոնց սակագները կախված կլինեն ուղևորությունների քանակից և ժամկետից։
Քանի որ առաջարկվող համակարգը անմշակ է և խրթին, իսկ քաղաքապետարանը դրանց վերաբերյալ տալիս է անհասկանալի և ապակողմնորոշող մեկնաբանություններ, քաղաքացիների մոտ բազում հարցեր են առաջանում առաջարկվող սակագների վերաբերյալ։
InfoPort.am-ը վեր է հանել առաջարկվող փաթեթները՝ ըստ օրերի և սակագների, ինչպես նաև հաշվարկել յուրաքանչյուրի պարագայում մեկ ուղևորության արժեքը: Հաշվարկներից պարզ է դառնում, որ նախագծի ընդունման պարագայում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից երևանցիների և հյուրերի համար քաղաքային տրանսպորտով ուղևորության սակագինը միջինում կթանկանա 30%:
Եվ այսպես՝
70 րոպեի ընթացքում մինչև 3 ուղևորություն ներաձող փաթեթի արժեքը կլինի 300 դրամ: Այստեղ պետք է հաշվի առնել այն փաստը, որ ֆիզիկապես դժվար կլինի 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն կատարել՝ մեկ կամ լավագույն դեպքում երկու։ Կստացվի, որ մեկ ուղևորության արժեքը կկազմի 150-300 դրամ։
Մեկ օրում մեկ ուևորության արժեքը առանց փաթեթի կարժենա 260 դրամ, մինչև 8 ուղևորության արժեքը 880 դրամ։ Այստեղ էլ արժեքը հաշվարկված է մանիպուլյատիվ եղանակով, քանզի միջին վիճակագրական քաղաքացին մեկ օրվա մեջ լավագույն դեպքում 2-4 անգամ է օգտվում քաղաքային տրանսպորտից և մեկ ուղևորության արժեքը այս դեպքում կկազմի 220 -440 դրամ։
Յոթօրյա փաթեթը, որը կներառի մինչև 30 ուղևորություն կարժենա 5000 դրամ, մեկ ուղևորության արժեքը կկազմի 167 դրամ։
Մեկամսյա փաթեթը, որը ներառում է մինչև 60 ուղևորություն կարժենա 11000 դրամ՝ մեկ ուղևորության արժեքը կկազմի 183 դրամ։
90-օրյա փաթեթը, որը ներառում է մինչև 180 ուղևորություն կարժենա 25000 դրամ, մեկ ուղևորության արժեքը՝ 139 դրամ։
Եվ վերջապես տարեկան փաթեթը որը ներառում է 1000 ուղևորություն (միջինացված օրը երկու-երեք ուղևորություն) կարժենա 110000 դրամ։