ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՎԾ-ն ամփոփել է 2022-ի առաջին կիսամյակում կատարած աշխատանքները

ՊՎԾ-ն ամփոփել է 2022-ի առաջին կիսամյակում կատարած աշխատանքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։

Ըստ այդմ՝ 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 192 մշտադիտարկում և 27 ուսումնասիրություն: Տվյալ պահին վերահսկողական գործողություններ են իրականացվում արտաքին գործերի, առողջապահության, էկոնոմիկայի, պաշտպանության նախարարություններում, մի շարք բուհերում, առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում և 10 խոշորագույն բժշկական հաստատություններում (հանդիպակաց), ինչպես նաև մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում, առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում և «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում (հանդիպակաց), «Էկենգ» և «Հայփոստ» ՓԲԸ-ներում, մարզպետարաններից մեկում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ։

Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ծառայության կողմից ուսումնասիրվում են նաև ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման լիցենզիաների տրամադրման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ արտադրական կանեփի լիցենզավորման գործընթացները։

Ծառայության ղեկավար կազմին են ներկայացվել Երևանի քաղաքապետարանում իրականացրած վերահսկողական աշխատանքներից մանրամասներ, մասնավորապես, ուսումնասիրության ընթացքում հողամասերի ընդլայնման վերաբերյալ վերլուծվել են 199 արխիվային փաստաթղթային փաթեթներ, ինչպես նաև ուսումնասիրության առարկա են դարձել 6932 շինթույլտվություններին առնչվող ցանկերը՝ կապված ժամկետների խախտումների հետ: Քաղաքաշինության ոլորտում վերլուծության են ենթարկվել 11468 քաղաքացիների դիմումներ, իսկ վարչական տուգանքների կիրառման հարցերի հետ կապված դիտարկվել են 999 շինթույլտվությունների երկարացումների հիմքեր:

Երևանի քաղաքապետարանում արձանագրված խախտումները տարաբնույթ են։ Ուսումնասիրությամբ արձանագրված առերևույթ իրավախախտման փաստերը ուղարկվել է վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Այն ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով կամփոփվեն արդյունքները՝ Տեղեկանքի տեսքով և կզեկուցվի ՀՀ վարչապետին։ Հանրությանը արդյունքների վերաբերյալ կտրամադրվի ամփոփ տեղեկատվություն։

2022 թ. առաջին կիսամյակում պետական կառավարման մարմիններում ծառայության կողմից արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ թվով 19 տեղեկանքներ փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական և ընթացք տալու համար։

Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված՝ ծառայության ղեկավարի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են նաև Կառավարության որոշումների, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են ծառայության ղեկավարին, ապա նաև՝ ըստ կարևորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ծառայության բոլոր աշխատակիցներին՝ 2022 թվականի առաջին կիսամյակում նկատելի դրական ցուցանիշներ ապահովելու համար և ընդգծել, որ աշխատակիցները արել են առավելագույն հնարավորը՝ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված օրենքով սահմանված լիազորությունների իրացումն ապահովելու համար: Այդ ամենով հանդերձ, ծառայության ղեկավարը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել 2022 թվականի ընթացքում նախատեսվող բոլոր վերահսկողական գործողությունները պատշաճ կերպով իրագործելու համար՝ հիմքում ունենալով ծառայության գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման գերակայությունները:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

  • Կիսվել: