ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փրկարարները 170 տրանսպորտային միջոց են դուրս բերել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհից

Փրկարարները 170 տրանսպորտային միջոց են դուրս բերել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհից

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 11-ի ժամը 16:44-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 13:00-ն Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին արգելափակվել է 170 տրանսպորտային միջոց: Այս մասին հյտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Գորիսի ՃՇՇ» և «Սիսիանի ՃՇՇ» ՍՊԸ-ներն իրականացնում են ավտոճանապարհի մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ:

Ըստ հիդրոմետ ծառայության տվյալների՝ նշված հատվածում բուքը սկսվել է փետրվարի 12-ին՝ ժամը 01:15-02:20-ի սահմաններում, ժամը 10:00-ի դրությամբ քամու ուժգնությունը կազմել է 20 մ/վ:

Ըստ նախնական կանխատեսումների բուքը կշարունակվի մինչև ժամը 17:00-ն: Դեպքի վայրում են գտնվում ոստիկանության աշխատակիցներ, իսկ շտապօգնության անհրաժեշտություն չի առաջացել:

Փետրվարի 11-ի ժամը 19:10-ից փակ են Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, փետրվարի 12-ին ժամը 05:00-ից՝ Վարդանյաց լեռնանցքը, ժամը 10:40-ից՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Փետրվարի 12-ի ժամը 12:40-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհից փրկարարները դուրս են բերել ընդհանուր թվով 170 տրանսպորտային միջոց և 279 մարդ՝ տեղափոխելով Գորիս-Սիսիան 12 կմ-ում և Սիսիան-Իշխանասար հատվածում տեղակայված առաջին օգնության ժամանակավոր հենակետեր:

Փրկարարները քաղաքացիներին ապահովել են տաք ըմպելիքներով: Քաղաքացիների մի մասը տեղափոխվել է տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատներ, որտեղ ցուցաբերվել է համապատասխան օգնություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ճանապարհին արգելափակված բոլոր վարորդներին հետ վերադառնալ և ճանապարհ ընկնել միայն եղանակային պայմանները փոքր ինչ բարելավվելու դեպքում:

  • Կիսվել: