ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մայիս ամիսը

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մայիս ամիսը

ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից մայիս ամսվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ, որոնց նպատակն էր բարձրացնել բնակչության իրազեկվածությունն ու գործնական հմտությունները՝ արտակարգ իրավիճակներում անվտանգ և համակարգված գործելու համար:

Մի շարք շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել, որոնք վերաբերել են ՔՊ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ, բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների, ջրածածկման սպառնալիքի, համաճարակի հանգեցնող վարակիչ հիվանդության, ուժեղ երկրաշարժի, ուժեղ քամիների, սողանքի առաջացման, ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում:

Անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային և «Հիվանդների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով օբյեկտային ուսումնավարժանքներ:

Միևնույն ժամանակ ուշադրության կենտրոնում պահելով հրդեհային անվտանգության հետևողական վերահսկողությունն ու պատասխանատու մոտեցումը՝ անցկացվել են ցուցադրական և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնք վերաբերել են հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը տարբեր հաստատություններում բռնկված հրդեհի, գազի պայթյունի, ստորգետնյա գազատարից արտահոսքի, երկրաշարժի հետևանքով առաջացած հրդեհի դեպքում, ինչպես նաև առաջին օգնության ցուցաբերման, փլատակներից տուժածների դուրսբերման աշխատանքներին: Վարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Քարաթափման հետևանքով անանցանելի դարձած ճանապարհահատվածի մաքրման աշխատանքների իրականացում», «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմաներով:

Մարզերի մի շարք ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում իրականացվել են տարբեր թեմաներին վերաբերող տեսական և գործնական միջոցառումներ՝ մասնավորապես «Հեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոնները» և «Ազդարարման ազդանշանները», ինչպես նաև «Դաշտերը և այգիների խոտի այրման վնասները և դրա կանխարգելման կարևորությունը» թեմաներով դասընթացներ՝ ուղղված բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացմանը՝ բնական և տեխնածին աղետների, ինչպես նաև բնապահպանական վտանգների կանխարգելման ու հաղթահարման ուղղությամբ, միևնույն ժամանակ նպատակ ունենալով մասնակիցների շրջանում ձևավորել տարանջատված և ճիշտ վարքագիծ՝ հեղեղումների ժամանակ, ընթացքում և հետո` նպաստելով վերջիններիս պատրաստվածության բարձրացմանը:

Կարևորելով արտակարգ իրավիճակների պայմաններում պատշաճ գործողությունների վերաբերյալ գիտելիքների և հմտությունների զարգացումը, դասընթացների շրջանակներում ներառվել են նաև հետևյալ թեմաները. «Բնակչության տարհանման, պատսպարման կազմակերպումը և իրականացումը», «Երկաթուղային տրանսպորտի վթարների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների  առանձնահատկությունները», «Հրդեհային անվտանգության հիմունքները», «Ազդարարում, տարհանում, պատսպարում», «Ջրհեղեղ և ազդարարում», «Ջրհեղեղ և երկրաշարժ», «Արտակարգ իրավիճակների ժամանակ ճիշտ կողմնորոշում»։ 

Ամսվա ընթացքում տեղի են ունեցել նաև ԱՌԿ պլանների վերաբերյալ սեմինար-պարապմունքներ՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետությունն ու պատրաստվածությունը բարձրացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց արձագանքման գործողությունների պլանավորման գործընթացը կատարելագործելու նպատակով:

Մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են հանրային իրազեկման աշխատանքներ՝ ուղղված անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհների կանխարգելմանը, հրդեհների դեմ պայքարին, դրանց տարածմանը: Մարդաշատ վայրերում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ տարածվել են իրազեկման թերթիկներ և փակցվել պաստառներ:

  • Կիսվել: