ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փոքր Մասրիկ համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք. մարզպետ

Փոքր Մասրիկ համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք. մարզպետ

Այսօր մամուլում հրապարակված նյութն իրականությանը չի համապատասխանում եւ եւս մեկ անգամ հաստատում ենք, որ Փոքր Մասրիկ համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք. ՀՀ Գեղարքունիքի մարզպետը չի՛ սխալվել։ Այս մասին գրառում է կատարել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Մարզպետը հղում է կատարել նաև Գեղարքունիաի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի գրառմանը։ Վերոնշյալ հարցի մասին գրառումը՝ ստորև։

«Փոքր Մասրիկ համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք. ՀՀ Գեղարքունիքի մարզպետը չի՛ սխալվել։

ArmDaily.am լրատվական կայքում այսօր` մայիսի 20-ին ժամը 18:50-ին, «Փոքրիկ Մասրիկ համայնքում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. Գեղարքունիքի մարզպետը սխավել է» վերտառությամբ նյութ է հրապարակել (http://armdaily.am/?p=92832&l=am), որում մասնավորապես անդրադարձ է կատարվել մայիսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ամենօրյա պարբերականությամբ հրապարակվող կորոնավիրուսային հիվանդության մարզային ցուցանիշին։ Ըստ հրապարակված տեղեկատվության (https://www.facebook.com/1927984687503774/posts/2301342570167982/?sfnsn=mo), նշվել է, որ Փոքր Մասրիկ համայնքում, ի թիվս այլ համայնքների եւս գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք։
Լրատվական կայքը` մեջբերելով Փոքր Մասրիկի վարչական ղեկավարի խոսքը, հրապարակման մեջ գրել է, որ «Երեկ չէ առաջին օրը մի հոգու տարել են, թեստավորել են, պարզվել է, որ կորոնավիրուս չի։ Իրեն վատ է զգացել, ստուգումների արդյունքում պարզվել է, որ երկկողմանի թոքաբորբ ունի, բայց կորոնավիրուսի թեստը բացասական է եղել»։

Այսպիսով հայտնում ենք, որ Փոքր Մասրիկի բնակիչը մայիսի 15-ին առողջական գանգատներով դիմել է Վարդենիսի պոլիկլինիկա։ Ելնելով այն փաստից , որ գանգատները համընկնում են կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներին հաջորդ օրը կատարվել է նմուշառում, իսկ արդեն մայիսի 17-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը։ Ինչից հետո հիվանդը տեղափոխվել է Երեւան եւ հոսպիտալացվել Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում։
Ելնելով վերոգրյալից` եւս մեկ անգամ հաստատում ենք, որ Փոքր Մասրիկ համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք. ՀՀ Գեղարքունիքի մարզպետը չի՛ սխալվել»։

  • Կիսվել: