ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պոլիտեխնիկի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև հուշագիր է ստորագրվել

Պոլիտեխնիկի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ ՀԱՊՀ-ում գործող Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը կվերազինվի և կիրականացնի նոր ծրագրեր: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Ողջունելով ներկաներին և նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասել է, որ անհրաժեշտ է շատ արագ արձագանքել օդային ռոբոտատեխնիկայի բնագավառում համաշխարհային միտումներին, կատարելագործել կրթական ծրագրերը:

«Որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ՝ ես կարծում եմ, որ թեև կրթական համակարգում փոփոխությունները սովորաբար դանդաղ են ընթանում, բայց անհրաժեշտ է ունեցած ինքնավարության շրջանակում, ըստ անհրաժեշտության, արագ վերափոխել հնացած մասնագիտությունները, ստեղծել նորերը»,- նշել է Կ. Թռչունյանը՝ հավելելով, որ միջազգային գործընկերների աջակցությամբ կենտրոնը կարող է դառնալ նշված ուղղությամբ հետազոտական աշխատանքի և կադրերի պատրաստման օջախ: Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերին առնչվող մասնագիտությունների ներդրումն ու զարգացումը ռազմավարական ուղղություն է մեր երկրի համար:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի հավաստմամբ՝ այս հուշագրի ստորագրմամբ շատ կարևոր համագործակցության սկիզբ է դրվում:

«Որակյալ տեխնոլոգիական կրթությունն այսօր հրամայական է ամբողջ աշխարհում. մենք չենք հասցնում հարմարվել նոր սարքավորումներին, երբ պարզվում է, որ դրանք արդեն հնացել են, և ի հայտ են եկել նորագույնները: Տեխնոլոգիական սրընթաց այս առաջընթացի պայմաններում կրթական համակարգը, մասնավորապես Պոլիտեխնիկը, պետք է կարողանա այնպիսի որակյալ կրթություն ապահովել, որ համահունչ լինի արդիական պահանջներին»,- ասել է նա՝ եզրափակելով, որ համաշխարհային տեխնոլոգիական կենտրոնների հետ համագործակցությամբ է հնարավոր մեր երկրում նույնպես առաջընթաց ունենալը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ողջունել է ներկաներին և հույս հայտնել, որ հուշագրի ստորագրումից հետո միջազգային փորձի կիրառմամբ հնարավոր կլինի օդային ռոբոտատեխնիկայի ոլորտում համատեղ ուժերով հաջողություններ արձանագրել:

Նրա խոսքով՝ կենտրոնում ձևավորվելու է այնպիսի միջավայր, որ հնարավոր լինի կատարել նորարարական գիտական մշակումներ, զարգացնել առկա ներուժը և միջազգային համագործակցության արդյունքում ստեղծել տեխնոլոգիական մրցակցային բովանդակություն:

  • Կիսվել: