չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
 Փոխոստիկանապետը՝ ընդդիմադիրներին կառավարության շենք մուտք գործել թույլ չտալու մասին

Փոխոստիկանապետը՝ ընդդիմադիրներին կառավարության շենք մուտք գործել թույլ չտալու մասին

Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով պարգևատրում են ստանում։ Օրինակ 2018-ին Ոստիկանությունը 3  անգամ պարգևատրվել է, 2 անգամ ապրիլ մասին, 1 անգամ թավշյա հեղափոխությունից հետո։ Նման պարգևատրումներ եղել են և՛ 2019- ին, և՛ 2020-ի ընթացքում։ Դա գործընթաց է, որն իրականացվում է  Ոստիկանությունում՝ օրենքին համապատասխան։ Այս մասին այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցում  ասաց ՀՀ փոխոստիկանապետ  Վարդան Մովսիսյանը։

Մովիսյանը նշեց նաև, որ ոստիկանի միջին աշխատավարձը կազմում է 215․ 000 դրամ՝ ներառյալ ժամանակ առ ժամանակ վճարվող պարգևավճարները․ «Ոստիկաններն ապրիլ ամսին չեն պարգևատրվել, ստացել են իրենց աշխատավարձը և այն հավելավճարները, որ սահմանված են օրենքով։ Պարգևատրվել են մայիսին՝ մոտ 2․5 միլիարդ դրամի  չափ է կազմում։  Ոստիկանության բոլոր աշխատակիցները  ստացել են պարգևավճար»;

Հարցին, թե այդ պաևգևավճարները ոստիկանների գործադրած ջանքերի փոխհատուցումն է, Մովսիսյանը պատասխանեց․ «Ոչ, դա աշխատանքային պրոցես է,  և իրենք բացի հավելավճարներից կարող են պարգևատրումներ ստանալ  նաև  մեկ դրույքաչափով»։

«Ունե՞ք մասնավոր զրույց կոնկրետ մարդու հետ, որ բողոքել է»,-  արձագանքեց Մովսիսյանը ի պատասխան հարցին, թե մարզերից եկող ոստիկանները դժգոհություն են հայտնում Երևան գալու առիթով․ «Դա աշխատանքային պրոցես է, Երևան քաղաքում գնում է ուժեղացված ռեժիմով աշխատանք՝ հասարակական կարգը և անվտանգությունը պահպանելու համար։ Քանի որ տեղի են ունենում հավաքներ, հասարակական կարգը պահելու նպատակով կարող են ոստիկանության ծառայողները մարզերից  գործուղվել Երևան »։

Փոխոստիկանապետը հիշեցրեց, որ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառվում է այն դեպքում, երբ ոստիկանի օրինական պահանջին չեն ենթարկվում․ «Իրավախախտումների բոլոր դեպքերը տեղում ուսումնասիրվում են։ Հիմա էլ  մոտ 50 ծառայողական քննություն է  իրականացվում, 10 քրեական գործ է հարուցվել»։

Մովսիսյանը նշեց նաև, որ կառավարական օբյեկտների պահպանությունը ոչ թե Ոստիկանության, այլ հանրապետական պահպանության ծառայության գործառույթն է․ «Երբ դրա անհրաժեշտությունը լինում է, պահպանությունը  ուժեղացվում է ոստիկանության ուժերով»։

Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանները թույլ չեն տվել ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել  կառավարության շենք,Մովսիսյանը արձագանքեց․ «Գոյություն ունի կառավարություն մուտք գործելու ընթացակարգ, մենք էլ ենք անցում այդ ընթացքակարգով, ցույց ենք տալիս մեր վկայականները»։

 

  • Կիսվել: