շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փոխոստիկանապետը պարզաբանում է՝ ինչու է ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառել

Փոխոստիկանապետը պարզաբանում է՝ ինչու է ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառել

Կառավարական ամառանոցի մոտ ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ կիրառեցին, մասնավորապես՝ ծխարձակող նռնակներ։ Ոստիկանները բիրտ ուժով քաղաքացիներիներին բերման ենթարկեցին, բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, նրանց մեջ նաև մեկ ոստիկան կա։

՛՛Քաղաքացիներն արդեն քարով էին հարվածում: Հենց դրա համար էլ կիրառվեցին հատուկ միջոցներ՛՛,-լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով կառավարական առանձնատների մոտ ոստիկանների և քաղաքացիների բախման ժամանակ լուսաձայնային նռնակների կիրառումը։

Նա նշեց, որ հարկ եղած դեպքում հանդարտեցնելու համար նաև պետք է կիրառել հատուկ միջոցներ։

՛՛Խաղաղ ակցիա չէր՛՛,- նշեց փոխոստիկանապետը։

Լրագրողի հարցին՝ հատուկ միջոցի կիրառումից տուժած քաղաքացիներ կա՞ն, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այդ մասին քիչ հետո կխոսի։

Հիշեցնենք, որ կառավարության ամառանոցների մոտ խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկացան երթով շարժվել դեպի Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

Ոստիկանների ու քաղաքացիների միջև սկսվեց բախում։ Ոստիկանները կիրառեցին հատուկ միջոց։

Հիշեցնենք նաև, որ ՛՛Դիմադրություն՛՛ շարժման մասնակիցներն ավելի վաղ մոտ երկու ժամ շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը և, իմանալուց հետո, որ վարչապետը շենքում չէ, գնացել էին Կառավարական ամառանոցի մոտ, որտեղ փամփերսներ էին թողել մուտքի մոտ՝ հայտարարելով, որ քանի որ վարչապետը վախենում է իրենցից, դրանք նրան պետք կգան։

Այնուհետև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե որոշ իշխանական պատգամավորներ Ֆեյսբուքում լուսանկարներ են հրապարակում՝ գրելով, թե իրենք ոչ մեկից չեն վախենում և ԱԺ-ում են, ինչից հետո Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք գնում են ԱԺ։ Ոստիկանները, սակայն, փակել էին ճանապարհը, ինչից էլ սկսվեց քաշքշուքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր Արցախի հարցի օրակարգով ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն իշխող ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցությունը բոյկոտել էր նիստը, արդյունքում նիստը տեղի չի ունեցել։

  • Կիսվել: