ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փոխոստիկանապետը` համազգեստից հրաժարված և Քոչարյանի թիմին միացած ոստիկանի մասին

Փոխոստիկանապետը` համազգեստից հրաժարված և Քոչարյանի թիմին միացած ոստիկանի մասին

Այսօր ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադարձել է Արարատի մարզի Ավշար համայնքում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ  ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսաք Պետրոսյանի արարքին, ով հանել էր հենց հանդիպման ժամանակ համազգեստն ու հայտարարել Ռոբերտ Քոչարյանի թիմին միանալու մասին։

«Մենք հարգում ենք մեր բոլոր ծառայակիցներին, սակայն այն անձը, որն իրեն թույլ է տալիս տևական ժամանակ ոստիկանությունում աշխատած անձանց խորհուրդներ տալ, առնվազն պետք է որոշակի ավանդ ունենա ոստիկանությունում։ Մեր ծառայակից գործընկերը ոստիկանության համակարգ ընդունվել է 2020թ-ի սեպտեմբերին` ներքին զորքեր։ Չի մասնակցել նույնիսկ պատերազմական գործողություններին, այն դեպքում, երբ ներքին զորքերի ողջ անձնակազմը մասնակցություն է ունեցել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ուսադիրներից հրաժարվելուն, Ֆիդանյանը նշեց, որ եթե ոստիկանը գիտակցեր, թե ինչ ասել է հրաման ու ինչ ասել է դրանից հրաժարվել, առաջին քայլով նա ուսադիրները հանելուց հետո կդիմեր դատարան` հրամանի օրինականությունը վիճարկելու։

Փոխոստիկանապետը նաև հիշեցրեց, որ ՀՀ Ոստիկանության մասին օրենքն արգելում է ոստիկանության ծառայողներին ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ։

  • Կիսվել: