շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փլատակների տակ են ամուսիններ, որոնք այդտեղ վարձով էին ապրում. նրանց են ուզում հանել. Մանրամասներ Նոր Արեշի փլուզումից

Փլատակների տակ են ամուսիններ, որոնք այդտեղ վարձով էին ապրում. նրանց են ուզում հանել. Մանրամասներ Նոր Արեշի փլուզումից

Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել, դպրոցում եմ եղել. տղաս զանգեց, ասաց՝ ինչ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած փլուզման հետեւանքով փլատակների տակ մնացած 86-ամյա կնոջ հարսը:

«Տղաս, ասեց՝ ո՞ւր ես: Ինքն էլ աշխատանքի է եղել: Ես արագ նստել եմ տրանսպորտ, եկել եմ տեսել եմ այս վիճակը: Ես Գոգոլի անվան դպրոցում եմ եղել, այնպիսի գմփոց լսվեց, որ երեխաներին թվացել է, թե երկրաշարժ է: Երեխաները սկսեցին գոռալ, փախչել, հետո իմացա, որ այստեղ է եղել: Մեր տանը մարդ չի եղել, տղաս, աղջիկս աշխատանքի են եղել, ես էլ դուրս եմ եկել, որ երեխաներին դպրոցից վերցնեմ: Սկեսուրս հիմա հիվանդանոցում է, զանգեցի, ասացին՝ դեռ նորմալ պատասխան չեն տվել»,-ասաց նա

Կինը պատմեց, որ փլվել է նաեւ կողքի տունը, որը վարձով են տվել ամուսինների. «Կողքի տունը իր հորեղբոր տունն է, վարձով տված է եղել, հիմա ուզում են փլատակներից հանել վարձով ապրող ամուսիններին: 3 տարի է այդտեղ վարձով են ապրում, շատ լավ մարդիկ են»:

Այստեղ էր նաեւ վարձով ապրող կնոջ հարցը, որը լացակումած պատմեց. «Իմ տալն է՝ ամուսնու հետ ապրում այդտեղ վարձով: Ժամը 11.33-ին խոսել եմ, տանն էին: Հետո զանգեցի, չվերցրեց, ամուսնուս հետ արագ եկանք: Տալս 53 տարեկան է՝ Գայանե Եղոյան, ամուսինն էլ 38 տարեկան՝ Հայկ: Ամուսնուն զանգ գոնւմ է, վերցնող չկա»:

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։

  • Կիսվել: