ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պետությունը ունենալու է ճկուն և շատ կարևոր օժանդակ սուբսիդավորման ծրագրեր. Ավանեսյանը՝ ապահովագրական փաթեթի մասին

Պետությունը ունենալու է ճկուն և շատ կարևոր օժանդակ սուբսիդավորման ծրագրեր. Ավանեսյանը՝ ապահովագրական փաթեթի մասին

«Ապահովագրական փաթեթն իր մեջ ներառում է թարմացված առաջնային օղակի պոլիկլինիկաների և ամբուլատորիաների ծառայություններ, ներկայումս այն, ինչ մենք ունենք՝ թե՛ դեղորայքային փաթեթը, թե՛ նաև ծառայությունները բավականաչափ ընդլայնվելու են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանը շեշտեց, որ ապահովագրական փաթեթի մեջ են մտնելու նաև հիվանդանոցային թանկարժեք վիրահատությունները, բուժական տարբեր միջամտությունները. «Ես մի քանի անգամ նշել եմ, որ միանշանակ պետությունը միջին աշխատավարձից ցածր ստացող քաղաքացիների համար ունենալու է ճկուն և շատ կարևոր օժանդակ սուբսիդավորման ծրագրեր: Ամսեկան 10 հազար դրամ կամ ինչ-որ սահմանվի օրենքով նախագծի ընդունման պարագայում, վճարման դեպքում, երբ քաղաքացին կունենա օրինակ՝ սրտի բաց վիրահատության կարիք, որն արժե 5 միլիոն դրամ, որևէ բան չի վճարի այդ ժամանակ: Այսօր մենք ունենք բազմաթիվ դիմումներ, երբ 35-40 տարեկան մարդիկ ընկել են հիվանդանոց և պիտի վճարեն 4-5 միլիոն դրամ և իսկապես շատ մեծ դժվարությունների առաջ են կանգնած, երբ հետադարձ նայում ես, հասկանում ես, որ ամսեկան մի փոքր գումար վճարելով դու քեզ զերծ ես պահում նման աղետալի ծախսերից, սա է լուծումն առողջապահական համակարգերի: Մեր երկիրն այս ռեֆորմի առումով ինչ-որ առումով կորցրած ժամանակ ունի, այսինքն՝ տարիներ ի վեր պետք է ընդունված լիներ այս ապահովագրական համակարգը»:

Նախարարը նշեց, որ պետական պատվերի շրջանակներում, եթե դեպքն անհետաձգելի բժշկական օգնություն չէ, պլանային բժշկական միջամտությունը պետք է իրականացվի պոլիկլինիկայի թերապևտի ուղեգրման հիմքով. «Սա ոսկեգույն կանոն է, նաև այլ երկներում ընդունված պրակտիկա է, որովհետև մենք հասկանում ենք, որ մարդը պիտի ունենա բժշկական օգնության ստացման ճիշտ ուղի»:

  • Կիսվել: