Պետությունն անվճար կապահովի նաև մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերը
ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում ոչ միայն պետական, այլ նաև ոչ պետական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերն ապահովել անվճար՝ այսինքն պետբյուջեի հաշվին: «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց հեղինակ Սիսակ Գաբրիելյանը:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ խոսքը երեխաների կրթության իրավունքի մասին է, և դա պետք է կախված չլինի նրանից, թե երեխան որ դպրոցում է սովորում: «Եվ այո, ունենք իրավիճակ, որ 4000-ից մի փոքր ավել երեխաներ տարրական դասարաններում սովորում են ոչ պետական դպրոցներում: Եվ կարևոր է, որ պետական հոգածությունը և նրանց իրավունքի իրացումը տեղի ունենա նաև այդ պարագայում:
Այդ փոփոխության արդյունքում գնահատականների համաձայն շուրջ 53 մլն դրամ պետք է հատկացվի: Հաջորդ տարվա բյուջետային հայտում արդեն համապատասխան շտկումները կարվեն, իսկ այս տարվա ընթացքում իրականացման հնարավորությունը նախարարությունը պատրաստ է քննարկել: