երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պետք է սկսվի պայքար, և այն քաղաքական ուժերը, որոնք 30 տարի գտնվել են իշխանության մեջ՝ թող հիմա շարժվեն. Գարիկ Գալեյան

Պետք է սկսվի պայքար, և այն քաղաքական ուժերը, որոնք 30 տարի գտնվել են իշխանության մեջ՝ թող հիմա շարժվեն. Գարիկ Գալեյան

Պետք է սկսվի քաղաքական եւ քաղաքացիական պայքար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

«Խոսքը վերաբերում է այն քաղաքական ուժերին, որոնք այս 30 տարիներին գտնվել են ԱԺ-ում, կառավարությունում  եւ միշտ խոսել են Արցախի մասին, այսօր իրենց ստեղծած Արցախ պետությունը քանդվել է, պետք է ոտքի կանգնենք:

Մենք քաղաքական գործիչներ չենք, բայց երկրին ամենաթանկն ենք վճարել: Արցախի հողը մեր տղաների արյունով է ներծծված: Յուրաքանչյուր ծնող Արցախից հող ունենք բերած եւ ամեն օր այդ հողից հոտ ենք քաշում: Մենք բոլորս մեր տանը մեր տղաների անկյուններն ենք սարքել եւ եթե տանն ենք, ապա այդ անկյունում ենք գտնվում:

Այն քաղաքական ուժերը, որոնք 30 տարի գտնվել են իշխանության մեջ, հայրենիք գոռալով են այդտեղ գտնվել, թող հիմա շարժվեն: Պետք է գնանք հանդիպումների քաղաքական ուժերի հետ, որպեսզի շարժվեն, հայրենիք ենք կորցնում»,-ասաց նա:

Գալեյանը հավելեց, որ իրենք պատրաստ ենք բանակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնց համար հայրենիքը, պետությունը թանկ են. «Այս ազգը ձեռք է բերել երկու պետություն ու այսօր կորցնում ենք: ԱԺ-ում հարկային օրենք են քննարկում: Պետք է խնդրեմ ընդդիմությանը, որ վեր կենան, այսպես չի լինի: Ժողովուրդն իրենց ձայն չի տվել, որ գնան օրենքներ քննարկեն: Թող վեր կենան հայրենիքը փրկելու»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: