չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Պետական միջոցները, որոնք ուղղվել են քաղցկեղի դեմ պայքարին, հասել են իրենց նպատակներին. առողջապահության նախարար

Պետական միջոցները, որոնք ուղղվել են քաղցկեղի դեմ պայքարին, հասել են իրենց նպատակներին. առողջապահության նախարար

Սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և շաքարային դիաբետի բեռը մեզ համար առաջին թիրախային ուղղություններ են: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի՝ քաղցկեղի դեմ պայքարի պետական քաղաքականության վերաբերյալ հարցին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

Նա արձանագրեց, որ վերջին տարիներին անընդհատ ավելանում են թե՛ սքրինինգային ծրագրերը, թե՛ վիրահատական ծառայությունները: «Մենք տեսնում ենք, որ այս հատվածական ռեսուրսների ավելացումը, իհարկե, շատ մեծ դեր է խաղում, բայց շատ կարևոր է, որ հենց սկզբից՝ վաղ հայտնաբերումից՝ սքրինինգներից մինչև ամբողջական առողջացումը, քաղաքացին ստիպված չլինի ինքը կրելու այդ ֆինանսական բեռը, ինչը նաև դրված է համափարփակ ապահովագրության մեջ»,- ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ նորագոյացություններից մահացության վիճակագրական տվյալների մեջ կա բարելավում: «Ընդհանուր առմամբ, 2019 թվականին մահացությունը կազմել է 5485, 2022-ին՝ 5161. պետք է հաշվի առնենք, որ քովիդի ժամանակ, ընդհանուր առմամբ, բժշկական ծառայությունների հասանելիության որոշակի արգելքներ կային, բայց նվազումն ակնհայտ է, սա  հստակ ցույց է տալիս, որ պետական միջոցները, որոնք ուղղվել են քաղցկեղի դեմ պայքարին, հասել են իրենց նպատակներին»,- ասաց նախարարը: 

Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ 2022 թվականին Հայաստանում բացվել է նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող պալիատիվ կենտրոն: «Աշխատանքներ են ընթանում նաև ճառագայթային բուժօգնության ավելի նոր սարքավորումներով հագեցվածության համար: Այս պահին երկու ԲԿ-ներ նոր սարքավորումներ ձեռք բերելու գործընթացի մեջ են»,- ասաց նա: 

  • Կիսվել: