հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Փչացած հեռախոսի» միջոցով կեղծ լուրեր եկեք չտարածենք. Վարչապետ

«Փչացած հեռախոսի» միջոցով կեղծ լուրեր եկեք չտարածենք. Վարչապետ

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով կորոնավիրուսից՝ կոչ արեց ոչ ստույգ տեղեկատվություններ չտարածել։

Ըստ նրա, հանրության շրջանում նույնիսկ քննարկում են, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնվեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ, այսինքն՝ ախտորոշումը լինի դրական։

«Դա ունի կոնկրետ բացատրություն, թե իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների և մահերի թիվը, և այլ հիվանդությունների պատճառով առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով պայմանավորված մահեր։ Կորոնավիրուսի առաջին օրվանից որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել։ Ի վերջո մեր կառավարությունը որևէ մանիպուլյատիվ տեղեկություն չի փոխանցել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ արեց «փչացած հեռախոսի» ենթակառուցվածքի միջոցով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին:

«Ասում են՝ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ: Կառավարության տված բոլոր տեղեկությունները և գնահատականները օբյեկտիվ են, համապատասխանում են իրականությանը: Այն գնահատականները, որոնք փոխվում են, կապված են նոր պրակտիկայի ձեռք բերման հետ: Այսօր աշխարհում չկա երկիր, որ կարող է ասել՝ 100 տոկոսով ճանաչում է վիրուսը, գիտի նրա բոլոր պարամետրերը և գիտելիքի վերանայման անհրաժեշտություն չկա»,- ասաց նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, իր համար կորոնավիրուսի դեմ պայքարի մի գերարդյունավետ միջոց կա, դա անհատական պատասխանատվությունն է:

«Այո, մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ մենք պետք է այս հարցերը պետք է լուծենք անհատական պատասխանատվության շրջանակում, այդ թվում յուրաքանչյուր պաշտոնյայի անհատական պատասխանատվության շրջանակներում:  Խնդրում եմ՝ բոլորս մաքսիմալ լրջությամբ վերաբերվենք, հակառակ դեպքում մենք նոր ցնցումների առաջ կկանգնենք»,- նշեց վարչապետը։

  • Կիսվել: