չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պայթուցիկ սարքերի խնդիրը նորմատիվային առումով լուծված է. Պողոսյան

Պայթուցիկ սարքերի խնդիրը նորմատիվային առումով լուծված է. Պողոսյան

Տոները մոտենում են, և այդ հանգամանքով պայմանավորված՝ ավելանում են պայթուցիկ սարքերի վաճառքն ու հատկապես երեխաների կողմից դրանց կիրառումը: Այսօր այս թեմային մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ պլաստիկ միկրովիրաբույժ, վիրաբույժ Արթուր Հարությունյանը և Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Վերջինս նշեց, որ այս խնդիրը նորմատիվային առումով լուծված է, սակայն պատշաճ կերպով չի կիրառվում: Պողոսյանի խոսքով՝ պայթուցիկ սարքերի, այսպես ասած՝ բոմբերի վրա անպայման պետք է լինի մակնշում՝ արտադրող երկիրը, տարիքային սահմանափակումը, պահպանման եղանակն ու ժամկետները և այլն, սակայն շատ դեպքերում այդ ամենը նշվում է միայն անգլերեն կամ անգամ՝ չինարեն, ինչը համազոր է չնշվելուն:

Նա առանձնացրեց նաև ազատ վաճառքի հարցը, նշեց, որ դեռ տարիներ առաջ միջգերատեսչական խորհուրդ էր ստեղծվել, որը զբաղվում էր պայթուցիկների տեխնիկական անվտանգության, վաճառքի և դրանց հետ կապված այլ հարցերով, սակայն, ըստ նրա, առայսօր հարցը լուծված չէ: Իսկ այս տարվա առաջին ցավալի դեպքը գրանցվել է ընդամենը 2 օր առաջ, երբ երեխան պայթուցիկ սարքի կիրառման հետևանքով զրկվել է մատներից: Այս մասին ասաց պլաստիկ միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը:

Նա նշեց, որ նման դեպքերը բազմաթիվ են, դեկտեմբերից սկսած՝ մարդիկ դիմում են իրենց, և շատ հաճախ այդ ամենն ավարտվում է մատների, նույնիսկ՝ դաստակի անդամահատումով: Բժիշկն ասաց, որ իրենց դիմում են թե՛ մարզերից, թե՛ Երևանից, տուժողները հիմնականում 6-15 տարեկան երեխաներն են, սակայն մեծահասակների տուժելու դեպքեր ևս գրանցվում են:

Նման դեպքերում, ըստ բժշկի, առաջին օգնությունը պետք է լինի վնասված ձեռքի անշարժացումը, արյունահոսության դադարեցումն ու ցավազրկումը: Արթուր Հարությունյանն ու Արմեն Պողոսյանն ասուլիսն ամփոփեցին առաջին հերթին ծնողներին ուղղված հորդորով՝ չգնել նման սարքեր և ուշադիր լինել, որպեսզի երեխաներն իրենք չգնեն և չկիրառեն դրանք:

  • Կիսվել: