չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պատրաստ ենք աջակցելու մեր երկրի անբաժանելի մաս կազմող ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանությանը. Ժաննա Անդրեասյան

Պատրաստ ենք աջակցելու մեր երկրի անբաժանելի մաս կազմող ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանությանը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով համայնքի ասորական Սագրադովների տոհմական վերականգնված մատուռի բացմանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իրինա Գասպարյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իրինա Գասպարյանի տեղեկացմամբ նախաձեռնվել է ասորական համայնքի հուշարձանների վերականգնման գործընթաց, և այս մատուռի վերականգնումը այդ գործընթացի մի մասն է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ասորական համայնքին հուշարձանապահպան կարևոր նախաձեռնության համար՝ ընդգծելով. «ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, առաջնային է համարում մշակութային ժառանգության պահպանմանն ու պատշաճ հոգ տանելուն ուղղված ցանկացած գործընթաց: Մշտապես պատրաստակամ ենք աջակցելու թե՛ հայկական, թե՛ մեր երկրի անբաժանելի մաս կազմող ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանությանը»:

Նախարարը նշել է, որ ազգային փոքրամասնությունների մշակույթի, ինքնության, լեզվի, կրթության, իրավունքների պահպանությունը պետական առաջնահերթություն է: Նա հույս է հայտնել, որ մշակութային պատկանելության հաստատման այս միջոցառումը լավ առիթ կլինի նաև դպրոցահասակ երեխաների համար՝ այցելելու և ծանոթանալու երկու ազգերի համատեղ պատմությանը, մատուռի՝ որպես հոգևոր կառույցի պատմական հիմքերին:

Մատուռը հիմնադրվել է 19-րդ դարում ասորական համայնքի ներկայացուցիչների միջոցներով:

Միջոցառման մասնակիցները հաջորդիվ այցելել են նաև Դիմիտրով համայնքում գտնվող ասորական Սուրբ Կիրիլ եկեղեցի, որը ևս թվագրվում է 19-րդ դարով:

  • Կիսվել: