հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին բժշկական եզրակացության տրամադրման գործընթացն արագացվել է

Պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին բժշկական եզրակացության տրամադրման գործընթացն արագացվել է

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին բժշկական եզրակացության տրամադրման գործընթացը, այդ թվում` հաշմանդամության խմբի ձեռք բերման համար, արագացվել է: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նա պարզաբանեց, որ սովորաբար այս գործընթացը մոտ 3 ամիս է տեւում, այժմ ամբողջ ընթացակարգն արագացվել է: «Բացի այդ, նախարարության աշխատակիցներն իրենք են այցելում վիրավորներին եւ հավաքում տվյալները»,- ասաց Առաքելյանը:

Նախարարը հիշեցրեց Կառավարության ֆինանսական աջակցության ծրագրի մասին, որն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամի հետ համատեղ: «Այս ծրագրի շրջանակներում 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներին 6 ամսվա ընթացքում ամսական 300 հազար դրամ կտրամադրվի: Մեկ այլ ծրագրի համաձայն` կորած զինծառայողների ընտանիքները նույնպես 6 ամսվա ընթացքում 300 000 դրամ կստանան»,- հավելեց պաշտոնյան:

 

  • Կիսվել: