Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով
Իսպանիայում և Ֆրանսիայում մոլեգնող անտառային հրդեհներն ավելի քան 250,000 մարդու ստիպել են լքել իրենց տները, հայտնել են երկու երկրների իշխանությունները, հաղորում է The Guardian-ը:
Շուրջ 70,000 մարդ տարհանվել է Իսպանիայի կենտրոնական հատվածից, իսկ Ֆրանսիայում տները լքել է 197,000 մարդ, այդ թվում՝ տասնյակ հազարավոր բնակիչներ գինեգործական Բորդո շրջանից:
Իսպանիան հայտարարել է ազգային արտակարգ դրություն. սա առաջին անգամն է, որ երկիրը նման քայլի է դիմում անտառային հրդեհների պատճառով: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ տարհանումները հավանաբար խաղաղ ժամանակներում երկրի ամենամեծ տարհանումն են:
Հարյուրավոր հրշեջներ աշխատել են հրդեհները մարելու ուղղությամբ, որոնք բռնկվել են տևական շոգի և կլիմայական ճգնաժամի հետևանքով, սակայն նրանք դեռևս ի վիճակի չեն եղել կանգնեցնել կրակի առաջխաղացումը: Իսպանիայում ուժեղ քամիներն ավելի են սրել հրդեհները, և երեք խոշոր հրդեհներից երկուսը միախառնվել են ուրբաթ օրը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ Airbus A400M Atlas հսկայական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է տեղակայվում՝ միանալու մյուս 18 օդանավերին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Ժիրոնդ տարածաշրջանում, անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում:
Ֆրանսիայի կառավարությունը բանակին օգնության է կանչել՝ տեղակայելով 1,500 զինվորականի, և շտապ ուղարկել է 1,5 միլիոն դիմակ՝ բնակիչներին ծխի շնչառական ազդեցությունից պաշտպանելու համար:
Իսպանիայի առողջապահության նախարարը Մադրիդի բնակիչներին հորդորել է դուրս չգալ փողոց՝ օդի վատ որակի պատճառով:
Շաբաթ երեկոյան Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Վալենսիայի Մանիես քաղաքում հրդեհի հետևանքով տղամարդ է զոհվել: Պաշտոնյաներն ասել են, որ նրան գտել են ձորակում գտնվող մեքենայի մեջ:



