շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փաշինյանն ասաց, որ Սուրեն Պապիկյանի՝ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ դառնալու որոշումն ինքն է կայացրել

Փաշինյանն ասաց, որ Սուրեն Պապիկյանի՝ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ դառնալու որոշումն ինքն է կայացրել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ հիշեցմանը, որ 2018-ին ապրիլին ինքը հայտարարել էր, որ բուհերը պետք է ապակուսակցականացվեն, որեւէ կուսակցական չպետք է բուհ կառավարի, մինչդեռ այսօր գրեթե բոլոր բուհերը ղեկավարվում են ակտիվ կուսակցական գործունեությունը իրականացնող անձանց կողմից:

Նա ասաց. ՛՛Այո, 2018-ին այդ արձանագրումն արել եմ, եւ մենք ճշգրիտ այդ պայմանը, խոստումը պահել ենք:

Կներեք, սա միամիտների երեկո չէ: Բոլորին թվում էր, որ այդ պայմանը բոլորը պահում են, բայց հանկարծ 2020-ի նոյեմբերին պարզվեց, որ բուհերում շատ լայն շրջանակներ ծոցագրպաններում կուսակցական տոմսերը պահել են եւ պատեհ առիթի էին սպասում, որ դրանք բարձրացնեն ու ամբողջ բուհական համակարգը դարձնեն կուսակցական բջիջներ՝ փորձելով ողջ ուսանողությանը ներքաշել կուսակցական ինտրիգների մեջ: Փառք ու պատիվ մեր ուսանողների, որ այդ երեւույթին չտրվեցին:

Մենք չենք կարող չնկատելու տալ այդ խայտառակ իրադրությունը, որ 2020-ի նոյեմբերից հետո ունեինք բուհերում, երբ կոնկրետ բուհական շրջանակներ դարձել էին կոնկրետ քաղաքական ուժերի պրոպագանդիստներ:

Այո, մենք հեղափոխությունից հետո ասել ենք՝ բոլորին շանս ենք տալիս, բայց երբ այդ շանսն օգտագործվում է պետության դեմ, մենք չենք կարող աչք փակել՛՛:

Ըստ վարչապետի՝ այսօր ԵՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահը ՔՊ-ի վարչության նախագահ, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է: ՛՛Այո, այդ որոշումը ես եմ կայացրել, բայց Սուրեն Պապիկյանը չի գնացել այնտեղ, ոչ էլ Տիգրան Ավինյանը, ոչ էլ մյուսները չեն գնացել ՔՊ-ացնելու բուհերը: Գնացել են բուհերը պաշտպանեն կուսակցականացումից: Ոմանք մեր թավշե տրամադրվածությունը շատերը փորձում են օգտագործել, սողոսկել բուհեր եւ զուգահեռ պետություն կառուցել: Մենք դա թույլ չենք տալու: Այո, մենք գնալու ենք բուհեր եւ դրա համար մանդատ ենք ստացել: Երբ ընտրությունների ժամանակ մարդկանց ասում էինք՝ պողպատե մանդատ, հենց սրա մասին է, մենք խոստացել ենք, որ թավշյա մանդատը փոխարինելու ենք պողպատե մանդատով՛՛,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: