երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առաքելությունը, որ պատրաստվում եմ ստանձնել, ինձ համար մեծ պատասխանատվություն է, ոչ թե պաշտոն. ՄԻՊ թեկնածու

Առաքելությունը, որ պատրաստվում եմ ստանձնել, ինձ համար մեծ պատասխանատվություն է, ոչ թե պաշտոն. ՄԻՊ թեկնածու

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանն այն համոզմանն է, որ Հայաստանում միջավայրը պետք է փոփոխվի, և յուրաքանչյուրը պետք է նպաստի դրան:

 

Մանասյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում թեկնածության հարցի քննարկմանը եզրափակիչ ելույթում:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը, որ ինքը բռնությունը չի դատապարտում, չի խոսում սահմանամերձ շրջանների բնակիչների իրավունքների պաշտպանության մասին՝ Մանասյանն ասաց՝ չի կարծում, թե դրանք դիտավորությամբ արված եզրահանգումներ կամ գաղափարներն են, բայց նա վստահեցրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Թե ելույթս, թե հարցերի պատասխանները հստակ էին և հստակ արձանագրումներ ունեին այս ուղղությամբ»,-ասաց թեկնածուն:

Նա նաև արձանագրեց՝ չի պատրաստվում փոխել իր կերպարը, այն տրամաբանությունը, որով մոտենում է խնդիրներին: «Համարում եմ, որ ամենակարևոր հանգամանքն այն չէ, թե ինչքան բարձր ձայնով մենք կկարողանանք տարբեր հանգամանքների վերաբերյալ խոսել, ինչ ձևով կկարողանանք այդ խնդիրներն արձանագրել, այլ կարևոր հանգամանքն այն է, թե ինչպես կկարողանանք հասնել այդ խնդիրների լուծմանը»,-նշեց Մանասյանը:

Թեկնածուն նշեց՝ իրեն թույլ չի տա ասել, որ երբևէ կարող է լինել որևէ պաշտոնի կամ աշխատանքի համար լավագույն թեկնածուն, սակայն շեշտեց, որ ամեն տեղ, որտեղ աշխատել է, նաև ՄԻՊ հնարավոր գործառույթն իրականացնելիս՝ օգտագործելու է իր բոլոր գիտելիքները, հմտությունները առաքելությունը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

«Այն առաքելությունը, որ ես պատրաստվում եմ ստանձնել, ինձ համար պաշտոն չէ, շատ մեծ պատասխանատվություն է: Եվ ես համաձայնել եմ այդ պատասխանատվությունը ստանձնել սոսկ մեկ պատճառով, որ ես կուզենայի այն արժեքները, որոնք ես եմ կրում, հնարավորինս շատ տարածելի լինեն մեր հանրային միջավայրում: Ես վստահ եմ, որ մեր միջավայրը պետք է փոփոխվի, և վստահ եմ, որ այդ միջավայրի փոփոխությունը պետք է սկսվի մեզանից յուրաքանչյուրից: Ամեն մեկս պետք է փորձի իր ուժերի ներածին չափով նպաստել միջավայրային փոփոխությանը: Վստահ եմ նաև, որ բռնությունը վերջնարդյունքի տեսանկյունից մեզ որևէ տեղ երբեք չի կարող տանել և չի տանում: Եվ միևնույն ժամանակ համոզված եմ, որ հաղթել հնարավոր է միայն արժանապատվությունը պահպանելով»,-ասաց Մանասյանը:

ԱԺ-ում այս պահին արդեն ընթանում է պաշտպանի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը:

  • Կիսվել: