կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Փաշինյանի մոտեցումները որևէ ձևով չեն նպաստում կենսական հիմնախնդիրների լուծմանը․ Մայր Աթոռ

Փաշինյանի մոտեցումները որևէ ձևով չեն նպաստում կենսական հիմնախնդիրների լուծմանը․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմիցս տարբեր ձևաչափերով անդրադարձ է ունեցել ներհասարակական բևեռացվածությանը և երկրում առկա լարվածությանը, ինչպես և հորդորել` ամեն ջանք ի գործ դնել՝ ազգային կյանքում բաժանարար գծերը վերացնելու, ժողովրդի միասնականությամբ երկրում տիրող մթնոլորտն առողջացնելու և ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած գոյաբանական, անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համար։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան` ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին։

«Վերջին անգամ ՀՀ իշխանություններին ուղղված նման հորդորով հանդես եկավ Գերագույն հոգևոր խորհուրդը», - նշվում է Մայր Աթոռի փոխանցած պատասխանի մեջ։ Նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ ճիշտ չէ խոսել իշխանության ու եկեղեցու միջեւ պառակտման մասին, պետության և եկեղեցու միջև ձևավորվում են «նոր հարաբերություններ»։

«Ես չեմ կարծում, որ հարաբերությունների էդ վերադասավորումը սխալ է։ Ընդհակառակը, կարող է, ի վերջո, հնարավորություն ստեղծվել, որպեսզի եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով։ Եվ, ի վերջո, ավելի համապարփակ անդրադառնա հոգևոր խնդիրներին, հոգևոր հարցերին և հոգևոր օրակարգին», - հավելել էր Փաշինյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում արտահայտած մոտեցումները և ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը։ Ավելին՝ առաձգական դատողությունների միջոցով, կարծես թե, փորձ է արվում արդարացնել և անգամ նվիրագործել Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ժխտական դիրքորոշումը՝ այն քողարկելով իբրև թե «նոր հարաբերություններ» հասկացությամբ», - ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի փոխանցած պատասխանի մեջ։

  • Կիսվել: