ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանի արձագանքը՝ «փախստականներին» Հայաստան վերադարձնելու Ադրբեջանի ծրագրերին

Փաշինյանի արձագանքը՝ «փախստականներին» Հայաստան վերադարձնելու Ադրբեջանի ծրագրերին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը, այսպես կոչված ադրբեջանցի փախստականներին իբր թե Հայաստան վերադարձնելու մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել: Վարչապետն այս մասին խոսեց մարտի 14-ի ասուլիսի ընթացքում:

«Դա հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ: Իրականում, եթե շատ անկեղծ լինենք, Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի փակուղի մտնելը հենց այդ պատճառով է տեղի ունեցել, որովհետև ակնհայտ է եղել, որ այս ագրեսիվ գործողություններից հրաժարվելու մտադրություն Ադրբեջանը չունի ոչ մի պարագայում: Եվ դա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ապօրինի և ակնհայտ ոտնձգություն է, որը հակասում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններին և հայտարարություններին: Այսինքն, Ադրբեջանն ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ շատ հաճախ 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից բռնագաղթած ժողովուրդը Հայաստանի կառավարության դիմաց ցույցեր են անում: «Եվ այդ մարդիկ ճիշտ են անում, որովհետև, օրինակ, եռակողմ հայտարարության դրույթներից մեկն ասում է այն մասին, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո: Մինչև այսօր Հադրութի ժողովրդին ոչ մեկ չի առաջարկել վերադառնալ իրենց տներ, և դա եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է Ադրբեջանի կողմից: Մենք այս հարցն անընդհատ բարձրացրել ենք և շարունակելու ենք բարձրացնել: Նույնը, այո, Շուշիից բռնի տեղահանված հայությունը: Ավելին ասեմ՝ նաև հայաթափված Նախիջևանի ներկայացուցիչները իրենք են հարցեր բարձրացնում ՀՀ կառավարության առաջ ու ասում են, որ ՀՀ կառավարությունը խոչընդոտում է, որ իրենք իրենց իրավունքները պաշտպանեն: Գիտեք Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ինչ մեծ արշավ է եղել: Դեռ 19-րդ դարից սկսած՝ հետևողականորեն հայաթափվել է Նախիջևանը, մինչև Սովետական Միությունը մի հայ չի մնացել այնտեղ: Դուք գիտեք Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Շահումյանի Գետաշենի հայության տեղահանման մասին, և ՀՀ կառավարությունը, մենք երբեք չենք խոչընդոտել, որ նրանք             իրենց իրավունքները հետապնդեն, որովհետև հարյուր հազարավոր մարդկանց մասին է խոսքը: Չենք էլ քաջալերել, հավանաբար, դա նաև մեր սխալն է եղել, բայց չենք էլ խոչընդոտել»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Ընդ որում, վարչապետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանից ադրբեջանցիների  բռնի տեղահանման դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել: «Մեր արխիվներում պահպանված են փաստաթղթեր, որ Սովետական Հայաստանի կառավարությունը աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին: Այսինքն, նրանք, ըստ էության, իրենց կամքով որոշել են գնալ, նաև պայմանավորված ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակով, բայց Հայաստանում ադրբեջանցիների կոտորածներ չեն եղել: Իսկ Բաքվում, Սումգայիթում եղել են հայերի կոտորածներ, Շահումյանի շրջանի մասին գիտեք: Ես նախորդ օրը պատահական Հայաստանի գյուղերից մեկն էի այցելել, և պարզվեց, որ գյուղի բնակիչները 100 տոկոսով փախստականներ են Ադրբեջանից, որոնց բռնի տեղահանել են, նրանք այդ պահին ինչ հասցրել են, դա են կարողացել հետները բերել Հայաստան: Սա այն դեպքերից մեկն է, երբ ասում են «փոխանակ սելը ճռա, սելվորն է ճռում»»,- նշեց Փաշինյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Նախիջևանի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Կիրովաբաթի, Շամխորի, Բաքվի, Սումգայիթի հայերը և էլի շատ շրջանների հայեր, որոնք հազարամյակներով են ապրել այդ տարածքներում, իրենց իրավունքները հետապնդելու, այդ թվում՝ փոխհատուցումներ պահանջելու իրավունք ունեն:

  • Կիսվել: