Ախալքալաքում պարետային ժամից սկսվում է շների «իշխանությունը»։ Բարձրահարկ շենքերի պատուհաններից ներքև նայող բնակիչները վախենում են անգամ պատկերացնել, այդ պահին որևէ մեկին դրսում: Եթե քաղաքում մարդիկ գիշերները լուսացնում են շների վայրահաչոցների ներքո, ապա գյուղերում ցերեկային ժամերին մարդիկ վախենում են նույնիսկ միայնակ քայլել, գրում է jnews.ge-ն:

Այս խնդիրը արդիական է ոչ միայն քաղաքում, այլ նաև շրջանի գյուղերում։ Արագվա գյուղի բնակչուհի Մառուսյա Քուրդօղլյանի երկու թոռներն էլ դարձել են անօթևան շների զոհ։

«Անտեր շները հենց իմ բոստանում հարձակվել են թոռնիկիս վրա, երեխան տուն է եկել, երբ պատի տակից հարձակվել են նրա վրա, մինչև հիմա ձեռքերի վրա մնացել է կծածի հետքերը։ Գյուղապետին ասացի, ասաց զանգիր 112, այնտեղ ներկայացրու, եթե գան էլ ամեն մի շանը կրակելու համար պետք է 20 լարի վճարես, ինձ որտեղից 20 լարի, որ ամեն մի շան համար տամ այդքան վճարեմ, այնքան շատ են անտեր շները», – ասում է Մառուսյա տատիկը։

shankcac

Մի քանի օր առաջ էլ, տիկին Մառուսյայի հարսը երեխային դպրոց տանելու ճանապարհին հանդիպել է շների խմբի, որոնք հարձակվել են նրանց վրա, բարեբախտաբար ոստիկանականեր են անցնելիս եղել այդ ճանապարհով և նրանք հսկել են, որպեսզի վերջիններս անվտանգ տեղ հասնեն:

Արագվա գյուղի լիազոր Ղազարոս Ունանյանն ասում է, որ ոչ միայն Արագվայում, այլ ամբողջ շրջանում է անօթևան շների խնդիրը և ինքը դիմել է քաղաքապետարան համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

«Այո, անօթևան շների խնդիր կա մեր գյուղում, և ոչ միայն փոքրերի վրա են հարձակվում, այլ՝ բոլորի։ Բնակիչների շները չեն, որ յուրաքանչյուրին առանձին-առանձին ասեմ, որ կապեն։ Ես ոչ ոքի մոտ գումարի մասին չեմ խոսել, երբ նրանք ասել են, որ կրակենք, ես էլ ասել եմ, որ ամբողջ աշխարհով չի կարելի շուն կրակել։ Ինչ խոսք ամեն անգամ ժողովների ժամանակ ասում եմ, խնդիրը ներկայացրել եմ», – ասում է Ղազարոս Ունանյանը։

Շների պակաս չի զգացվում նաև քաղաքի փողոցներում, նրանք քաղաքում թափառում են խմբերով և վախ առաջացնում:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գյուղերից կարող են զանգահարել և տեղեկացնել անօթևան շների մասին, ինչին էլ համապատասխանաբար կհետևի խնդրի լուծումը։

«Տենդեր մրցույթը կայացել է, և արդեն սկսվում են աշխատանքները։ Իհարկե, սկզբից ուշադրության կենտրոնում են ագրեսիվ շները, որոնք վնասում են մարդկանց։ Յուրաքանչյուր գյուղից էլ կարող են դիմել, որպեսզի քայլեր ձեռնարկվի շների հավաքման և սրսկման համար։ Այս գործընթացը վերաբերում է ամբողջ շրջանին», – նշում է Ունանյանը։

Ինչպես հայտնում են Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնից, անցած տարի Ախալքալաքում պաշտոնապես գրանցվել է շան կծելու 72 դեպք, իսկ այս տարի դեռևս՝ 27: Հարկ է նշել, որ վերջին մեկ մասում շան կծելու երկու դեպք է գրանցվել:

Հարկ է նշել, որ արդեն 5 տարի անընդմեջ Ախալքալաքի շրջանը տեղական բյուջեից միջոցներ է հատկացնում անօթեւան շներին բռնելու համար:

Այս տարի տեղական բյուջեն կենդանիներին բռնելու (և ստերիլիզացման, կաստրացիայի, պատվաստումների, նույնականացման կամ, անհրաժեշտության դեպքում՝ էվթանազիայի համար) համար հատկացրել է 22 033 լարի: Տենդերն արդեն կայացել է, և այն նույն գումարով շահել է օզուրգեթցի անհատ ձեռներեց Գելա Նացվլիշվիլին: Պայմանագրի համաձայն՝ անհատ ձեռնարկատերը մինչեւ տարեվերջ պետք է բռնի 146 շուն: Աշխատանքները պետք է իրականացվեն փուլ առ փուլ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: