Պարեկային ծառայության փարոսիկները կփոխարինվեն մոբայլ համակարգով` վեց տեսախցիկով. նախարար
2024-ին՝ 2023-ի համեմատ, կրկնակիից ավել վարչական ակտ է կազմվել Հայաստանում ամրագոտի չկապելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականին այս իրավախախտման համար կազմվել է 84 հազար 328, 2024-ին՝ 188 հազար 453 վարչական ակտ։
Սարգսյանը, մասնավորապես, նշեց. «Ունենում ենք ակտեր, որոնք դատարանների կողմից բեկանվում են, չնայած անձը ամրագոտին կապած չի եղել։ Մեզ երբեմն ասում են՝ գիտեք` եթե պրակտիկա կա, որ բեկանվելու է, ինչո՞ւ եք ուղարկում դատարան, բայց սկզբունքն այն է, որ դա պետք է արձանագրվի։ Դատարանների ծանրաբեռնվածության պատճառով չենք կարող խախտումներն անտեսել»։
Նախարարի խոսքով՝ խնդիր է նաև մոտեցումը, թե արձանագրությունը, միայն ոստիկանի խոսքը բավարար չէ։
«Մենք ընդառաջ ենք գնացել դրան, այժմ պարեկային ծառայության փարոսիկները փոխարինվելու են մոբայլ համակարգով` վեց տեսախցիկով, որոնք 360 աստիճան կնկարեն բոլոր խախտումները՝ լինի հեռախոս, ծխախոտ, թե ամրագոտի։ Բայց մոտեցումը սխալ է. ստացվում է, որ մենք ոստիկանի խոսքին չենք հավատում։ Իսկ եթե ոստիկանը հոգեկան չէ, ինչո՞ւ պետք է քաղաքացուն վերագրի արարք, որը վերջինս չի արել»,-նշեց նա:
Սարգսյանը հավելեց, որ օրենսդրությունը թույլ է տալիս պարեկներին ամրագոտի չգցել, բայց նրանց հանձնարարված է ամրագոտին կապել, եթե բացառիկ իրավիճակ չկա, քանի որ իրենց համար սկզբունքային է՝ քաղաքացին, որը տուգանվում է, պետք է տեսնի, որ իրեն տուգանողը նույնպես կապում է ամրագոտին: