ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Պանթեոն կառուցվում է. Իմ անձի վերաբերյալ որոշումը ես չեմ կայացնելու». Գարեգին Բ-ն՝ իր համար դամբարան կառուցելու մասին

«Պանթեոն կառուցվում է. Իմ անձի վերաբերյալ որոշումը ես չեմ կայացնելու». Գարեգին Բ-ն՝ իր համար դամբարան կառուցելու մասին

Մենք նախատեսում ենք, որ այս տարի պիտի հնարավորություն ունենանք ավարտի բերել Մայր Տաճարի շինարարական աշխատանքները եւ նաեւ իրականացնել բացումը եւ օծումը: Այս մասին, այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողներից հետ զրույցի ժամանակ նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Այդ հարցին մենք կանդրադառնանք առաջիկա Բարձրագույն հոգեւոր խորհրդում, որը ծրագրված է անցկացնել հունիսի առաջին տասնօրյակում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այնտեղ նաեւ դամբարան է կառուցվում, որտեղ պետք է ամփոփվեն նախկին կաթողիկոսների մարմինները, խոսք կա, որ այդ դամբարանը Կաթողիկոսն իր համար է կառուցում, Բարեգին Բ-ն արձագանքեց. «Ինչ վերաբերում է դամբարանի կառուցմանը, այստեղ մենք տեսաք, թե ինչպիսի հսկայական ծավալի աշխատանք է իրականացվել Եկեղեցում՝ առնչված նաեւ որմնանկարների վերականգնման աշխատանքների հետ: Բնականաբար, անընդհատ որմնանկարները մաքրման անհրաժեշտություն պետք է ունենան, եթե մոմավառությունը կազմակերպվի հիմնականում եկեղեցում:

Այդ պատճառով մենք այստեղ Մայր տաճարին կից մտածեցինք կառուցել մոմավառության սրահ եւ այնտեղ ամփոփել Հայրապետների մարմինները: Այդ շինարարական աշխատանքները նույնպես ավարտական փուլում են: Սակայն մեզ համար մեծ գոհունակություն էր տեղեկանալ, որ տակավին 1955 թվականին նման ծրագիր եղել է եւ նման ցանկություն, նման մտածում, որպեսզի մի պանթեոն կառուցվի, որտեղ արժանավայել կերպով ամփոփվեն մեր մեծագործ, մեր լուսամիտ Հայրապետները, որոնք հանգչում են այսօր զանգակատան կողքին: Ուրեմն այդ շինությունը ծառայելու է մեր հավատացելոց որպես մոմավառության սրահ, այնտեղ ամփոփվելու են նաեւ հայոց Հայրապետների մարմինները:

Ինչ վերաբերում է իմ անձին, իմ անձի վերաբերյալ որոշումը ես չէ, որ պետք է կայացնեմ: Որեւէ Հայրապետ ինքն իր անձի առնչությամբ հետմահու տնօրինություններ չի կարող իրականացնել»:

  • Կիսվել: