ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փախստականներն ու նրանց խնդիրներով զբաղվող մարդիկ Երևանում ծաղիկներ խոնարհեցին Սումգայիթի զոհերին նվիրված հուշարձանի մոտ

Փախստականներն ու նրանց խնդիրներով զբաղվող մարդիկ Երևանում ծաղիկներ խոնարհեցին Սումգայիթի զոհերին նվիրված հուշարձանի մոտ

Մի խումբ փախստականներ և նրանց խնդիրներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ ապրիլի 29-ին ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Սումգայիթի զոհերին նվիրված հուշարձանի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար մասնագետ, պատմաբան, հասարակագետ Հրանուշ Խառատյանն ասաց՝ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ փախստականների խնդիրներով զբաղվում են դեռևս 1995 թվականից:

«Փախստականությունն իր տարբեր զարգացումներով մշտապես հրատապ խնդիր է: Այս հավաքը նաև 2020-ի պատերազմի հետևանքով է: Այսօր Արցախը փաստացի շրջափակված է: Այնտեղ 120 հազար մարդ ծայրահեղ վատ վիճակում է: Նրանք ոչ միայն բարոյական, նյութական, այլև ֆիզիկական վտանգի առաջ են կանգնած: Այս հավաքի միջոցով աշխարհին ևս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ պատերազմ է, և այն միայն Հայաստանինն ու Ադրբեջանինը չէ: Այս պատերազմին մի շարք երկրներ են տարբեր կերպ մասնակցել»,-շեշտեց նա:

Խառատյանի խոսքով՝ փախստականությունն առհասարակ և մասնավորապես Հադրութից, Շուշիից, Քարվաճառից նոր փախստականության խնդիրն իրենց ամենօրյա աշխատանքն է:

Նա հիշեցրեց, որ Հայաստանից փախստական ադրբեջանցիները դիմել են ԱՄՆ-ին օգնելու իրենց վերադառնալ Հայաստան: «Ես շատ ուրախ եմ, որ ադրբեջանցիները ցանկանում են վերադառնալ Հայաստան, որովհետև նրանք, ըստ երևույթին, Հայաստանը համարում են ապահով իրենց համար և նույնիսկ նախընտրելի այն երկրից, որտեղ ապրում են»,-ասաց նա և հավելեց՝ Հայաստանում գտնվող հայ, հույն և ասորի փախստականներից ոչ մեկը ո՛չ կարող է, ո՛չ կցանկանա վերադառնալ ռասիստական ու բռնապետական երկիր՝ Ադրբեջան:

Ըստ նրա՝ մեր խնդիրն աշխարհին ինչ-որ կերպ հասկացնելն է, որ Ադրբեջանի ագրեսիան ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար է վտանգ ներկայացնում:

Փախստականներից Ռաֆիկ Հակոբյանն ապրել է Խանլարում: Նրա խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիան գնալով սրանում է, իսկ փախստականների խնդիրները կարող են ավելի շատ բարձրաձայնվել:

«Հայաստանից ոչ մի փախստական առանց գույքի չի հեռացել: Բոլորն իրենց իրերը բարձել ու գնացել են, բայց այնտեղից ոչ մի հայ իր հետ ոչինչ չի բերել: Ինչքան գիտեմ, ոչ մի հատուցում չի եղել: Իմ հարազատները, որոնք Արցախի Շահումյանի շրջանի Մարտունաշենից են դուրս եկել, ոչ մի չոփ իրենց հետ չեն վերցրել: Մեծ մասի կորուստը չի հատուցվել: Այն, որ ոչ մի հատուցում չի եղել, լուրջ խնդիր է»,-եզրափակեց նա:

Ծաղիկներ խոնարհելու արարողությանը հաջորդեց «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովը, որը մեկնարկեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

  • Կիսվել: