ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պահեք սոցիալական տարածություն, դիմակ կրեք, պահպանեք սպասարկվող խմբի սահմանված թվակազմը. Ջանոյան

Պահեք սոցիալական տարածություն, դիմակ կրեք, պահպանեք սպասարկվող խմբի սահմանված թվակազմը. Ջանոյան

ՀՀ ոստիկանության հաշվառման-քննական բաժանմունքներում և այլ ստորաբաժանմներում կորոնավիրուսով պայմանավորված տևական ժամանակ է՝      աշխատանքները դադարեցված էին։ Այսօր բոլոր ստորաբաժանումներում վերսկսվել են աշխատանքները, մասնավորապես, հաշվառման-քննական բաժանմունքներում մարդկանց կուտակումներ էին ու հերթեր, ինչին անդրադարձել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի քաղաքացինե՜ր, այսօրվանից ողջ ծավալով գործում են ոստիկանության՝ հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումները, այդ թվում՝ հաշվառման-քննական բաժանմունքները:

Նկատի ունենալով տևական ժամանակ կուտակված խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը՝ հաշվառման-քննական բաժանմունքներն աշխատում են նախատեսված աշխատանքային ժամերից ավելի ու գործելու են նաև շաբաթ և կիրակի օրերին:

Արվում է առավելագույնը քաղաքացիների խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար:

Ոստիկանությունն այդ հանձնառությունը կատարելու գործում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը. առանց համընդհանուր օրինահարգության անհնար է հասնել մեր միասնական նպատակների իրականացմանը:

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին անվերապահորեն կատարել համավարակի պայմաններում անձնական և հանրային անվտանգության ապահովման պահանջները՝ պահեք սոցիալական տարածություն, դիմակ կրեք, պահպանեք սպասարկվող խմբի սահմանված թվակազմը:

Ամեն ոք պետք է հասկանա, որ իրավունքներից զատ ունի նաև պարտականություններ, որոնց կատարումն ուղղված է իր, հարազատների, ողջ հանրության անվտանգության ապահովմանը:

Բոլորիդ մաղթում ենք համակեցության կանոնների պահպանում, արդյունավետ փոխգործակցություն և առողջություն»։

  • Կիսվել: