Պահանջում ենք, որ 59 համարի ավտոբուսը Քասախ մտնի. բնակիչները հավաքվել են գյուղի կենտրոնում. ուղիղ
Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 5–ին հավաքվել են գյուղի կենտրոնում եւ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են վերականգնել 59 համար ավտոբուսի նախկին երթուղին, որպեսզի այն Քասախ մտնի։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։
Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։