շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պահանջում ենք հեռացնել ընտանեկան բռնության տեսարան ներկայացնող հումորային հոլովակը. հայտարարություն

Պահանջում ենք հեռացնել ընտանեկան բռնության տեսարան ներկայացնող հումորային հոլովակը. հայտարարություն

Օրերս, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է մի հումորային տեսանյութ, որտեղ խաղարկվում է ընտանեկան բռնության արդյունքում ստացած կապտուկները քողարկել փորձող կնոջ կերպար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մինչ կինը կադրում կիսում է իր փորձը՝ ընթացքում ցուցադրվում է բռնության տեսարան, որտեղ  զուգընկերը ծանր գործիքով հարվածում ու գետնին է տապալում կնոջը՝ ընթացքում հնչեցնելով կենցաղային պահանջներ։

Նման տեսանյութերի հրապարարակումը անչափ վտանգավոր է այս խոցելի ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհում՝  Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով նկատվում է կենցաղային և ընտանեկան բռնության դեպքերի աճ։

Բացառություն չէ նաև Հայաստանը, և  կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը, ինչը պայմանավորված է մեկուսացման, աշխատանքի չգնալու, սոցիալական կապերի, հեռախոսից օգտվելու հնարավորությունների սահմանափակման հետ։

Առավել խնդրահարույց է, երբ նման տեսանյութերը նկարահանվում և հրապարակվում են հումորային դերասանների կողմից՝  բռնության և խտրականության  տարրերով համեմված հումորը դարձնելով հանրային խրախճանքի առարկա։

Ցավոք, հաճախ հումորը հանդիսանում է խտրականության, կարծրատիպերի, ինչպես նաև՝ բռնության ամրապնդման միջոց։ Նման տեսանյութերը նպաստում են ընտանեկան բռնության նորմալիզացիային և հումորային երանգ հաղորդելով մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի, հանցագործություն հանդիսացող երևույթներին՝ դրանք դարձնում ընդունելի, և, նույնիսկ, զվարճալի։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իր վրդովմունքն է հայտնում սույն տեսանյութի, ինչպես նաև համանման տեսանյութերի հրապարակման  վերաբերյալ, և պահանջում՝ անհապաղ հեռացնել այն համացանցից»:

 

 

  • Կիսվել: