չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ով, ում թույլտվությամբ և ինչ նպատակով է այցելել ՀՀ կենսալաբորատորիաներ

Ով, ում թույլտվությամբ և ինչ նպատակով է այցելել ՀՀ կենսալաբորատորիաներ

Նախկինում՝ ՀՀ կառավարության թույլտվությամբ, ԱՄՆ փորձագետներն այցելել են այս լաբորատորիաներ՝ խորացնելու միջազգային ստանդարտներին համապատասխան կենսաբանական անվտանգության և ապահովության հարցերի շուրջ մեր երկրների երկկողմ համագործակցությունը փորձագիտական մակարդակում։ Այսպես են արձագանքել Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով Tert.am-ի հարցմանը, թե արդյո՞ք ամերիկացի վիրուսոլոգները եղել են հայաստանյան բիոլաբրատորիաներում:

«Հայաստանի Հանրապետության հետ մենք գործակցությունը ներառում է երկկողմ տնտեսական, քաղաքական, դատական և անվտանգության հարցերի լայն շրջանակ։ 2008թ․-ից այն ներառել է աջակցություն կենսաբանական լաբորատորիաներին, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի կենսաանվտանգության ու կենսաապահովության բարելավման հարցում։ Ինչպես Հայաստանի կառավարությունը բազմիցս փաստել է, սրանք տեղի մասնագետների կողմից գործարկվող հայկական լաբորատորիաներ են։ Լաբորատորիաների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար առաջարկում ենք դիմել ՀՀ կառավարությանը։

Այս լաբորատորիաներին ԱՄՆ աջակցության նպատակը վտանգավոր հիվանդությունների բռնկումների բացահայտման ու արձագանքման հարցում Հայաստանին օգնելն է։ Այս լաբորատորիաների կարևորությունը հանրության համար առավել ակնհայտ դարձավ նոր կորոնավիրուսի բռնկման ժամանակ, երբ Ավանի կենտրոնական լաբորատորիան որոշ ժամանակ միակ լաբորատորիան էր Հայաստանում, որտեղ իրականացվում էր կորոնավիրուսի թեստավորում, ինչը օգնում է հիվանդության կանխարգելմանը։

Նախկինում՝ ՀՀ կառավարության թույլտվությամբ, ԱՄՆ փորձագետներն այցելել են այս լաբորատորիաներ՝ խորացնելու միջազգային ստանդարտներին համապատասխան կենսաբանական անվտանգության և ապահովության հարցերի շուրջ մեր երկրների երկկողմ համագործակցությունը փորձագիտական մակարդակում»,- նշված է դեսպանատան ամբողջական պատասխանում:

Tert.am-ը հարցումն ուղարկել էր՝ պարզաբանում ստանալու համար Eadaily.com-ում հրապարակվածի վերաբերյալ: Իսկ վերջինում ներկայացվել էր ավելի վաղ Tert.am-ի հրապարակված լրագրողական աշխատանքը, որում նշվում էր, թե ինչ ճաատագրի է արժանացել Հայաստանի և Ռուսաստանի միջև նախատեսվող  հուշագիրը, որը, ըստ ռուսական կողմի, պետք է թույլ տար ռուս մասնագետներին մուտք գործել Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ գործող բիոալաբորատորիաներ:

Eadaily.com-ի հրապարակման մեջ բերվել են տվյալներ, ըստ որոնց, ամերիկացի վիրուսոլոգները մեկ անգամ չէ, որ եղել են հայաստանյան բիոլաբրոատորիաներում: Կայքը մատնանշել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Tert.am-ին տված պարզաբանումը, ըստ որի, «ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է»:

Այս պարզաբանումը կայքը կասկածի տակ էր դրել՝ նշելով ամերիկացի այն փորձագետների անունները, որոնք եղել են հայաստանյան բիոլաբորատորիաներում: Բացի այդ՝ հրապարակման հեղինակը հարց էր բարձրացրել, թե ՀՀ ԱԳՆ-ում արդյո՞ք տեղյակ են եղել այդ այցերից, դրանց նպատակից:

Tert.am-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել նաև ՀՀ ԱԳՆ-ից: Մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Ճանաչողական այցեր եղել են և՛ ԱՄՆ, և՛ ՌԴ կողմից՝ համապատասխան մարմինների թույլտվությամբ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին ռուսական սահմանների մոտ «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար» և խոստացել էր հասնել նրան, որպեսզի հարևան երկրներում գործող լաբորատորիաների մուտքի հասանելիություն ստանա:

Նշենք, որ 2019 թ.-ի նոյեմբեր ամսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան պաշտոնական այցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտատարվեց վերոնշյալ հուշագրի ստորագրման մտադրության վերաբերյալ:

«Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագրի ստորագրման հարցը քննարկել ենք։ Այն նաև քննարկվում է առողջապահության նախարարությունների կողմից, օրերս Հայաստանում էր մեր առողջապահության նախարարը։ Այսօր մենք ընդգծեցինք, որ հուշագրի տեքստի շուրջ աշխատանքներն ընդհանուր առմամբ ավարտված են և այժմ փաստաթուղթն անցնում է միջգերատեսչական համաձայնեցում։ Ակնկալում ենք, որ մոտ ժամանակում այն կստորագրվի»,-այս մասին ասել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսին։

Լավրովը նշել էր, որ բիոլոգիական անվտանգության շուրջ կապերը դաշնակիցների հետ շատ կարևոր են։ «Կա կոնվենցիա կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման ու դրա ոչնչացման մասին, սակայն դրանում, ԱՄՆ-ի կտրուկ առարկությունների արդյունքում, չկա վերիֆիկացիայի մեխանիզմ։ Մենք երկար տարիներ փորձում ենք այդպիսի մեխանիզմ ստեղծել, բայց ԱՄՆ-ի գործընկերները նախընտրում են խուսափել նման պայմանավորվածությունից ու տանում են նրան, որ ամբողջ աշխարհում երկկողմ մակարդակով ստեղծեն իրենց լաբորատորիաները։ Բնականաբար, մենք հետաքրքրված ենք, որ այս ոլորտում Հայաստանի հետ ունենանք լիակատար թափանցիկություն»,-հավելել էր նա։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշել էր, որ կենսաբանական անվտանգությունը Հայաստանի համար շատ կարևոր է և հարցը վերաբերում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխգործակցությանը՝ կենսաբանական անվտանգության ոլորտում։ «Մենք  ավարտում ենք  բանակցային գործընթացը, բայց ընդհանուր առմամբ այս փաստաթուղթը մեզ հնարավորություն կտա կոնսոլիդացնել մեր հնարավորությունները, պոտենցիալը կենսաբանական անվտանգության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությամբ, ինչը անում ենք նաև այլ գործընկերների հետ»,-ասել էր Զոհրաբ Մնացականյանը։

Հիշեցնենք նաև, որ Tert.am-ը Հայաստանում գործող բիոլաբորատորիաներ`ռուս մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագրի ճակատագրի մասին հետաքրքրվել էր Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություններից:

«Խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել հայկական կողմին: Հուշագրի ռուսական պրոեկտը քննարկման համար տրված է Երևանին: Պատասխան դեռ չենք ստացել»,- պատասխանել էին ՌԴ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳՆ-ն  էլ պատասխանել էր. «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի և, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը: Հուշագրի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ»:

 

  • Կիսվել: