հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոստիկանությունում անցկացվել է «Դեպքի վայրի զննություն» թեմայով դասընթաց

Ոստիկանությունում անցկացվել է «Դեպքի վայրի զննություն» թեմայով դասընթաց

Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության 2021 թ. ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ից 29-ը ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում անցկացվեց «Դեպքի վայրի զննություն» թեմայով հնգօրյա դասընթաց, որին մասնակցում էին վարչության մի շարք փորձագետներ։

Ոստիկանությունից հայտնում են, որ դասընթացը վարելու նպատակով Երևան էր ժամանել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության Բորդո քաղաքի փորձաքրեագիտական ոստիկանության փորձագետ, դեպքի վայրի միջամտության խմբի ղեկավարի տեղակալ տիկին Սելին Վեր Էլսթը։

Փորձի փոխանակման շրջանակներում փորձագետը ներկայացրել է դեպքի վայրի զննության 4 փուլերը, դեպքի վայրում և լաբորատորիաներում իրականացվող փորձաքննությունները, մասնավորապես՝ ԴՆԹ, մատնահետքերի, փաստաթղթերի ուսումնասիրություն, ձգաբանություն, թվային տեխնոլոգիաներ, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հետազոտություններ, ներկայացվել են մի շարք նորարարություններ, ինչպես և քննարկվել են Ֆրանսիայում կատարված առանձին դեպքերի մանրամասներ։

ՀՀ ոստիկանության ՓՔՎ փորձագետները ներկայացրել են իրենց գործառույթները, լաբորատորիայում կատարվել են մատնահետքերի, արյան հետքերի նմուշառումներ վերցնելու աշխատանքներ, որի շրջանակներում մասնակիցները փոխանակվել են փորձով։ Ձեռք բերված գիտելիքների հիման վրա իրականացվել է դեպքի վայրի զննության գործնական վարժանք։

Ֆրանսիացի փորձագետը դրական է գնահատել հայ փորձագետների աշխատանքը։

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին տրվել են հավաստագրեր։

Այցի շրջանակներում հոկտեմբերի 28-ին հանդիպում տեղի ունեցավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ ֆրանսիացի փորձագետը հնարավորություն ունեցավ ծանոթանալու քրեագիտական լաբորատորիային և դասավանդման մեթոդներին:

  • Կիսվել: