Ոստիկանություն հրավիրված Արթուր Դանիելյանին աջակցող «Ադեկվադ» միաբանության անդամները բերման ենթարկվեցին
Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ բերման ենթարկեցին Ոստիկանության 6-րդ վարչության շենքի դիմաց հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամներին։
Նշենք՝ «Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին դեռևս անհայտ գործի շրջանակներում բացատրություն տալու:
Միաբանությունը հրավիրել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Արթուր Դանիելյանի ասուլիսին, որը տեղի կունենա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ՝ հարցաքննության ավարտից հետո:
Այսօր առավոտյան ԶԼՄ-ներից բացի այնտեղ էին հավաքվել միաբանության անդամները, սակայն քիչ անց նրանց բերման ենթարկեցին։
Ըստ ոստիկանների, հավաքի վայրից բերման են ենթարկում այն հիմքով, որ խախտել են պարետի որոշումը։