երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Ոստիկանության ծառայողներն ու պարեկները թմրամիջոց պահելու ու օգտագործելու դեպքեր են բացահայտել

Ոստիկանության ծառայողներն ու պարեկները թմրամիջոց պահելու ու օգտագործելու դեպքեր են բացահայտել

Հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ Ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների ծառայողների սերտ փոխգործակցության արդյունքում հերթական բացահայտումներն են արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Պարեկային ծառայության, Ոստիկանության գվարդիայի ու Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Սասնա Ծռերի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Հոնգ Ջի» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Դավիթաշենի բաժին են տարել 42-ամյա վարորդին և 30-ամյա ուղևորին: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և մոխրացած հետքերով երկու կաթուցիչ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը զանգվածը մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով:

Ոստիկանության գվարդիայի, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունվարի 27-ին համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ Արշակունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Շևրոլետ» մակնիշի մեքենան:

Մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Վարորդը և ուղևորը մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են Շենգավիթի բաժին: 33-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ 17-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ՝ կաթուցիչ:
Թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Ոստիկանության գվարդիայի Վանաձորի պահպանության բաժնի ծառայողները: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք Կարեն Դեմիրճյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Տարոնի բաժին են տարել Վանաձորի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: