շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում ուսումնասիրվել է էստոնական փորձը

Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում ուսումնասիրվել է էստոնական փորձը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-10-ն աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էր՝ Հայաստանում ՆԳՆ միասնական կրթահամալիրի և միասնական կառավարման/զանգերի կենտրոնի ձևավորման փուլում էստոնական փորձի ուսումնասիրման նպատակով։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այցի ընթացքում փոխնախարար Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի ներքին գործերի նախարարության իր պաշտոնակցի՝ Թարմո Միլիթսի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների գործունեությանն առնչվող հարցեր։ Թարմո Միլիթսը բարձր է գնահատել Հայաստանի ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում առաջադեմ լուծումների տեղայնացումը։

Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Էստոնիայի ՆԳՆ կրթահամալիրի ղեկավարության, կառավարման միասնական կենտրոնի ղեկավարության հետ, ինչպես նաև իրականացվել են շրջայցեր։

Դիտարկվել են ՆԳՆ կադրերի պատրաստման, վերապատրաստման մոդելային լուծումները, հանրապետական մակարդակով գործող մեկ միասնական կառավարման/զանգերի կենտրոնի լուծումները, որոնք թույլ են տալիս ՆԳՆ-ի կողմից ապահովել քաղաքացիների սպասարկման բարձր որակն ու օպերատիվությունը։ Այսպիսի կենտրոնի միջոցով մեկ միասնական հեռախոսահամարով հնարավոր է դառնում կազմակերպել ոստիկանական, փրկարարական, շտապօգնության կանչերի սպասարկումը։

Սարգսյանը հանդիպել է նաև Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների, ներքին գործերի բնագավառում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Հայկական պատվիրակության կազմում է եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ/INL) ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին, փոփոխությունների կառավարման գծով էստոնացի փորձագետ Լաուրի Թաբուրը։

Այցը կազմակերպվել է ԹՊԻՀ/INL գրասենյակի աջակցությամբ։

  • Կիսվել: