ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանները հայտնաբերել են Հնդկաստանի քաղաքացուց 90 հազար դոլար հափշտակողներից մեկին և գումարի մի մասը

Ոստիկանները հայտնաբերել են Հնդկաստանի քաղաքացուց 90 հազար դոլար հափշտակողներից մեկին և գումարի մի մասը

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի քննիչների հետ, հայտնաբերել են հունիսի 8-ին Երևանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Սահիլ Նանավատինից զենքի սպառնալիքով հափշտակած 90 հազար ԱՄՆ դոլարի մի մասը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ս. Նանավատին, ով բնակվում է Երևան քաղաքի Արգիշտի փողոցի շենքերից մեկում, ահազանգել էր ոստիկանություն և հայտնել, որ մոտ կես ժամ առաջ մի քաղաքացի զենքի սպառնալիքով իրենից հափշտակել է 90 հազար ԱՄՆ դոլար և 35 հազար դրամ:

Նշված վայր է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու փորձաքրեագետները, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տաք հետքերով պարզում են հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը և իմանալով նրա գտնվելու վայրը, տանում են բացատրական աշխատանքներ, ով կարճ ժամանակ անց ինքնակամ ներկայանում է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հափշտակված գումարի մի մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը Երևանի բնակիչ, 22-ամյա Գևորգ Ա.-ն է:

  • Կիսվել: