շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը կրկին բաց է

«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը կրկին բաց է

Երեւանի Խորենացի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը կրկին բաց է: Երեկ՝ փետրվարի 8-ին, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ «Ոսկու աշխարհ»  սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի դիմումի համաձայն, վերստուգումներ է իրականացրել առևտրի կենտրոնում և պարզել, որ հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումները արդեն շտկվել են:  Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, հայտնել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը փակվել էր հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումների պատճառով: Սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վերստուգումներ անցկացնելու խնդրանքով դիմում էր ներկայացրել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:

2023 թվականին ևս  «Ոսկու աշխարհը» փակվել էր հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումների պատճառով: Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ հրդեհատեխնիկական հետազոտություն էր իրականացվել «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որի արդյունքում պարզվել էր, որ «Ոսկու աշխարհի» շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով:

  • Կիսվել: