ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում գտնվող պացիենտների համար բավական կրիտիկական է իրավիճակը. Անահիտ Ավանեսյան

Արցախում գտնվող պացիենտների համար բավական կրիտիկական է իրավիճակը. Անահիտ Ավանեսյան

Արցախում գտնվող պացիենտների համար բավական կրիտիկական է իրավիճակը, նրանք իսկապես կարիք ունեն ավելի նեղ մասնագիտացված բուժում ստանալ: Այս մասին այսօր Կառավարության բակում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ որքան շրջափակման օրերը երկարում են, այնքան ավելի դժվարանում է տեղափոխման խիստ կարիք ունեցող կամ առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներին տարբերակել:

«Բոլոր աշխատանքներն ուղղված են, որ նախ մարդասիրական բեռը, որը այս պահին գտնվում է Հակարիի կամրջի մոտակայքում, կարողանանք անցկացնել եւ ինչ-որ մի ձեւով այդ խիստ կարիքը բավարարենք, եւ վերադառնանք նորմալ ապրանքաշրջանառության եւ մարդկանց տեղափոխման ազատության շրջափուլ»,- ասաց նախարարը:

Հարցին՝ արդյո՞ք կան պացիենտներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց.

«Եթե ունենք հեմոդիալիզի կարիք ունեցող պացիենտներ, որոնք որ պետք է շաբաթական 2-3 անգամ ստանան տվյալ ծառայությունը, չկա տրանսպորտ, դեղորայքի եւ բժշկական նշանակության պարագաների սուղ կարիք, ապա նշանակում է, որ նրանք եթե չստանան այդ ծառայությունը, իհարկե կարող է նրանց կյանքին վտանգ սպառնալ»:

Ավանեսյանն ասաց, որ Հակարիի կամրջի մոտ կանգնած հայկական բեռների մեջ նաեւ մեծ մաս են կազմում երեխաների կաթնախառնուրդները. «Մեր մասնագետները նաեւ աշխատում են Ստեփանակերտի մեր գործընկերների հետ եւ մայրիկներին հնարավորինս հոգեբանական եւ այլ աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզիի կրծքով կերակրումը հնարավորինս այս պարագայում օժանդակ լինի եւ մենք քիչ կարիք ունենանք կաթնախառնուրդների»:

  • Կիսվել: