հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Որոշ բուժհաստատություններ, տեղեկանալով, որ իրենց դիմող անձը զորակոչիկ է, հրաժարվում են նրան հետազոտել. իրավապաշտպան

Որոշ բուժհաստատություններ, տեղեկանալով, որ իրենց դիմող անձը զորակոչիկ է, հրաժարվում են նրան հետազոտել. իրավապաշտպան

Այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրները համակարգային են, որոնք արձնագրվել են նաեւ նախորդ զորակոչերի ժամանակ: Այս մասին այսօր՝ հունվարի 24–ին, «Մեդիա Կենտրոնում» «Ձմեռային զորակոչ. ի՞նչ խախտումներ են արձանագրվում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը:

«Օրինակ, առողջական վիճակի ոչ բոլոր խնդիրներով են զորակոչիկները ուղեգրվում առողջական վիճակի հետազոտությունների: Խնդիրներից է նաեւ գանգատների չարձանագրումը, որի հետեւանքով զորակոչիկը չի ուղեգրվում հետազոտության: Հաճախ զորակոչիկներին հորդորում են ներկայացնեն առողջական վիճակի վերաբերյալ իրենց ունեցած փաստաթղթերը, որոնց հիման վրա զինկոմիսարիատը որոշում կկայացնի ուղեգրելու կամ չուղեգրելու: Սակայն այն դեպքում, երբ զորակոչիկը չունի ֆինանսական միջոցներ իր միջոցներով հետազոտություն անցնելու, առողջական խնդիրը մնում է չբացահայտված:

Հաջորդ խնդիրն այն է, որ երբ զորակոչիկը ներկայանում է բուժհաստատություն, որ իր միջոցներով հետազոտություն անցնի, որոշ բուժհաստատություններ, տեղեկանալով  նրա զորակոչիկ լինելու մասին, հրաժարվում են հետազոտել, ասում են՝ պետք է լինի ուղեգիր տարածքային ստորաբաժանման կողմից»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, մի շարք զորակոչիկների ծնողներ ահազանգում են իրենց, որ որդիներին առանց մանրամասն ու լիարժեք հետազոտությունների տանում են ծառայության։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ձմեռային զորակոչի վերաբերյալ ավելի քան երեք տասնյակ բողոք է ստացել։

  • Կիսվել: