Օրինագծի հիմքում ոչ թե մարդն է, այլ պետության պատժիչ ձեռքը՝ ի դեմս տուգանքների. Բաբաջանյանը՝ կարանտինի օրենքի մասին
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է արտակարգ դրության վերացմանն ու կարանտինի հայտարարմանը, ինչի վերաբերյալ օրենքն ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ում քիչ առաջ:
Բաբաջանյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր Ազգային Ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալու առանց արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման՝ կարանտին սահմանելու միջոցով իրականացնել գրեթե նույն հակահամաճարակային միջոցառումներն, ինչ արտակարգ դրության պայմաններում։
Հասկանալի է, որ արտակագ դրության ռեժիմը բեռ էր և՛ պետության համար, և՛ այն անվերջ շարունակվել չէր կարող, որովհետև ուներ ինչպես ներքին՝ բարոյահոգեբանական ճնշող նշանակություն, այնպես էլ՝ արտաքին՝ աշխարհի հետ հարաբերությունները սահմանափակող դերակատարություն։
Այդ առումով արտակարգ դրությանն այլընտրանքային ռեժիմ գտնելու կառավարության փորձն ու ջանքը ողջունելի էր ու դրական։ Ցավոք, սակայն, դրանով ընդունված օրենսդրական փաթեթի դրական կողմերն ավարտվում են։ Բանն այն է, որ նոր օրինագծով ներմուծվում են մեկ տասնյակից ավելի տուգանքներ ու տույժեր, որոնց զգալի մասն իրենցից ներկայացնում է մարդու իրավունքների ու ազատությունների անհիմն, չպատճառաբանված սահմանափակումներ։ Ու նաև դրանով օրինագիծն, ըստ էության, վանում է քաղաքացիներին՝ համավարակի դեմ պայքարում պետությանն ու պատկան մարմինների հետ գործակցելու տիրույթից՝ քաղաքացուն մղելով սոսկ այնպիսի գործողությունների, որոնք հնարավորություն կտան խուսափել տուգանքից։
Ցավոք, օրինագծի հիմքում ոչ թե մարդն է՝ ուղղակի ու անուղղակի իմաստով, այլ պետության իմպերատիվ, պատժիչ ձեռքը՝ ի դեմս անհիմն տուգանքների։ Իսկ դա նշանակում է, որ այս օրինագծով մենք չենք ավելացնում կորոնավիրուսի համավարակի դեմ պայաքարող սուբյեկտների շրջանակը, դրանում չենք ընգրկում ավելի ու ավելի շատ քաղաքացիների, ճիշտ հակառակը՝ օտարում ենք քաղաքացուն համապետական այս պայքարից, ինչի արդյունքում և՛ քաղաքացին է մնում միայնակ՝ համավարակի սպառանլիքին դեմ հանդիման, և՛ պետությունը։
Օրինագծի մյուս գաղափարական, չափազանց վտանգավոր թերությունն այն է, որ պարունակելով մարդու իրավունքների ու ազատությունների բազմաթիվ սահմանափակումներ՝ այն առնվազն առերևույթ հակասության մեջ է մտնում մեր որդեգրած ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների հետ։ Նոր օրենքը պակաս ժողովրդավարական է, քան անգամ արտակարգ դրությունը, հետևաբար այն ոչ միայն չի թեթևացնելու արտակարգ դրությամբ պետության ուսերին իջած բեռը, այլ ավելի է մեծացնելու այն՝ ինչպես պետության, այնպես էլ հասարակության համար։
Օրենքը պակաս ժողովրդավարական է, հետևաբար այն ոչ միայն չի ուժեղանցելու մեզ, այլ ավելի է թուլացնելու, քանի որ ժողովրդավարությունից ցանկացած նահանջ խարխլում է պետության հիմքերը, եթե անգամ կարճաժամկետ հեռանկարում այն ինչ–ինչ օգուտներ է պարունակում։
Բոլոր այս գործոնները վկայում են, որ ի դեմս այս օրենքի մենք հերթական անգամ առերեսվում ենք «լավ գաղափարը վատ պրակտիկայով տապալելու» պարբերական դարձող իրողության հետ, երբ կառավարությունը՝ հետապնդելով արտակարգ դրությանն այլընտրանք գտնելու ողջունելի նպատակ, դրա իրականացման հարցում չի ցուցաբերել համարժեք ու անհրաժեշտ հետևողականություն ու պրոֆեսիոնալիզմ, ինչի արդյունքում մենք ստացել ենք խոցելի ու մեկերեսային, իրավիճակային խնդիրներ լուծող օրենք։
Օրենք, որը, վաղը՝ կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո, մենք վստահաբար վերատեսության պետք է ենթարկենք՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների, ազատությունների հետ դրա բովանդակային հակասությունների պատճառով։
Առողջություն բոլորիս՛՛:



