հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված զենքի և ռազմամթերքի շրջանառության կարգավորմանը

Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված զենքի և ռազմամթերքի շրջանառության կարգավորմանը

2022 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որը պաշտոնապես ուժի մեջ է մտնել 2023 թվականի հունիսի 1-ից եւ իրենից ներկայացնում է հասարակական հարաբերությունների կարգավորման եւ անվտանգային համակարգի զարգացման կարեւոր ձեռքբերումներից մեկը:

2022 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի N 1562-Ա որոշմամբ հաստատվել են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները, որտեղ օրենսդիրն աշխատանքային կարգով աջակցել է այդ միջոցառումներին: Այդ ընթացքում եւ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, կրկին խորքային ուսումնասիրվել են նոր օրենսդրության մի շարք դրույթները, որոնք, ըստ էության, կարող են որոշակի խոչընդոտներ ստեղծել նոր օրենքի կիրառման ընթացքում: Օրենսդիրը նախաձեռնել է նոր օրենսդրությունը լավարկելու նպատակով հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

Ըստ նրա՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը Հայաuտանի Հանրապետությունում զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունների կարգավորումն է: Օրենսդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն նոր ստեղծվող իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում: Դրանք ուղղված են տնտեսության, սպորտի եւ հրաձգության զարգացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը, ինքնապաշտպանության եւ անօրինական զենքի քանակի նվազեցմանն ու ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրս բերմանը:

Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի նաեւ որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը:

Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը: Նա կարեւորել է հեղինակի հետ համատեղ աշխատանքը փաթեթի վերաբերյալ:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: