չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Opel-ը բախվել է հողաթմբերին ու բռնկվել․ կան վիրավորներ

Opel-ը բախվել է հողաթմբերին ու բռնկվել․ կան վիրավորներ

Այսօր` դեկտեմբերի 8-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 07.40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհի` ժողովրդին հայտնի «Աբովյանի գայի պոստ»-ի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել մայթեզրին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Վթար-հրդեհի հետեվանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Աբովյան» բժշկական կենտրոն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտ 1-ին դասակի պարեկները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին, մինչև ԲԿ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանում էին, և առաջանում էր արհեստական խցանում, սակայն պարեկներին հաջողվեց րոպեների ընթացքում երթևեկությունը կարգավորել։Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: