կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ մոտոցիկլը բախվել է «Max Oil» բենզալցակայանի տանիքի հենասյանը, լիցքավորման սարքին և բռնկվել․ 34-ամյա մոտոցիկլավարը տեղում մահացել է

Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ մոտոցիկլը բախվել է «Max Oil» բենզալցակայանի տանիքի հենասյանը, լիցքավորման սարքին և բռնկվել․ 34-ամյա մոտոցիկլավարը տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 15։40-ի սահմաններում Երևանի-Գյումրի ավտոճանապարհին՝ Մարալիկի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 34-ամյա Էդգար Հ․-ն իր վարած մոտոցիկլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Max Oil» բենզալցակայանի տանիքի հենասյանը և լիցքավորման սարքին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտոցիկլավարը տեղում մահացել է, իսկ բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և բենզալցակայանի աշխատակիցները մարել են այն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Մարտին Կուրեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղաս Բեյբությանը և Արթուր Ղազարյանը։

Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Արթուր Մնոյանի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: