Ողբերգական ավտովթար Լոռիում. կա 3 զոհ, մեկ վիրավոր
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել անդունդը:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ, Սերոբ Գաբրիելյանի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ:
Մահացածների մարմինները ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և պատգարակով, մեծ դժվարությամբ դիերը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին:
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով պետք է վերամբարձ կռունկով կամ քարշակով դուրս բերվի անվտանգ վայր և տեղափոխվի ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։